Հարությունյան․ Այս որոշումը ստիպված ենք եղել կայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի 8-ին իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել, այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 1992-1994 թվականներին: Այս մասին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

«Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով, 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, և ամենագլխավորը՝ Շուշին:

Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետևանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով:

Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել:

Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում և այդ բոլոր կորուստները անօդաչուներով:

Այդպես էլ մեզ չհաջողվեց, ինչու չհաջողվեց, մենք բոլորս այո, պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում:

Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, և համոզված եմ, որ գնահատականները լինելու են:

Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի: Հաստատ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողությունների ընթացքում: Թուրք զինվորականների մասնակցությունը ևս եղել է, ահաբեկիչների, վարձկանների դեմ կռում էր հայ կամավորն ու հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին հայ զինվորների առջև, աշխարհի ամենահերոս տղերքն եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ զոհերի հարազատների առջև:

Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինծառայող զինվորների կյանքը փրկեինք: Իհարկե, կարող ենք ասել, թե ինչու ժամանակին տեղեկացված չէինք այդ վիճակից, կոչ եմ արել Աղդամից, հիշեցնելով, որ սիրելի հայրենակիցներ, ձեր կարիքն ունենք: Հոկտեմբերի28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջև ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեջ ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ: Չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած մարդկային ու զինտեխնիկայի ռեսուրսներով, որը կար:

Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր:

Կողմ էի, որովհետև հուսահատված չէի: Եթե հուսահատված լինեի, կմտածեի շարունակել կռիվը կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու և կորցնելու ենք Արցախը:

Հիմա ամեն ինչ առջևում է, Արցախը, Հայաստանը, հայ ազգը, շատ ծանր օրեր ենք ունեցել, բայց կարողացել ենք ինչ-որ տեղ իմաստուն որոշումներ կայացնել, հետագայում ճիշտ ճանապարհով ընթանալ և հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասում, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն: Համերաշխություն առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է խպառակտումն ու խուճապը:

Համաշխարհային խնդիրները դեռ առջևում են, մեր տեսիլքը դեռ չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, և զենծ մնալ այնպիսի երևույթներից, որը հարիր չէ մեր ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու, քննարկումներ իրականացնելու հնարավորություններ, և ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:

Դեռ նոր է սկսվում ամեն ինչ: Չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել նրից մտածել, գնահատել, որից հետո որոշումներ կայացնել: Ես արդեն սկսել եմ խորհրդակցություններ Ղարաբաղի քաղաքական գործիչների, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ:Ամբողջ գիշեր, մինչև այդ էլ, բոլորի հետ շփվում էի: Չեմ ուզում կեղծ հերոսներ ձևանանք, կեղծ հայտարարությունների տրվենք, բայց բոլորը պատրաստակամ էին համագործակցել: Այսօր արդեն հանդիպել են ՀՅԴ-ի ներկայացուցչի, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչների՝ Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ: Եկել ենք մի համաձայնության, որ պետք է ցանկացած որոշում կայացնելուց առաջ, իսկ մեր որոշումները դեռ առջևում են, պետք է միասին կայացնենք:

Ուզում եմ նորից խնդրել, իմ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ խնդրել, որ սթափվենք, քաղաքացիական պատերազմը անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախ աշխարհի, այլև Հայաստան աշխարհի համար: Դրա համար համախմբվենք և ցանկացած որոշում կայացնելուց առաջ գնահատենք:

Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ մեր քայլերը: Ես նշեցի, որ սկսել եմ կոնսուլտացիաներ, բոլորի հետ քննարկելուց հետո կներկայացնեմ:

Ի դեպ, վերջին մի քանի օրերին հաճախակի քննարկումներ եմ ունեցել և բոլորն էլ միակարծիք էին՝ փորձել ժամանակավոր թե մշատական զինադադար ունենալ: Բոլորն անխտիր, չի եղել մեկը, որ ասի՝ ոչ, մենք շարունակում ենք պատերազմը: Որովհետև բոլորը տեսնում էին, որ չկա այդ ռեսուրսները: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ ցանկացած փաստաթուղթ պետք է չոտնահարի մեր արժանապատվությունը: Դրա համար մենք հասկանում էինք, որ անխուսափելի էր զինադադար ունենալը և մենք պարտավոր էինք գնալ այդ քայլին՝ փրկելու ամբողջ Արցախը, որովհետև մենք օրերի կամ տասնյակ օրերի ընթացքում կորցնում էինք ամբողջ Արցախը: Հաստատ տեմպերն այդպիսին էին: Շատ-շատ մրդկային կյանքեր, մանավանդ զինվորների, որոնց ծառայությունը մեր երկրի համար դեռ առջևում է:

Շնորհակալություն: Ես ձեզ բոլորիդ սիրում եմ, նորից ուզում եմ խոնարհվել մեր բոլոր զոհվածների ընտանիքների, հարազատների առջև: Ես շատ-շատ հարազատներ եմ կորցրել այս օրերի ընթացքում, արտասվել, իմ ելույթներում կեղծ ժպտալ, որպեսզի հասարակությունը չիմանա այն դառնությունը, որ մենք ունենում էինք ամեն օր: Բայց ուզում եմ նշել՝ ամեն ինչ առջևում է:

News.am