ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅՆՔԱՆ ՆՎԱԶՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Անցնող շաբաթը բավական լարված էր Արցախի համար։ Լիակատար զգացողություն է, որ ահագնացման գործընթացները կտրուկ արագացվում են, իսկ որոշ ուժեր, և առաջին հերթին, իհարկե, Բաքուն, որոշել են վա-բանկ գնալ՝ ասես մտավախություն ունենալով, որ հետագա զարգացումները կարող են խանգարել ավարտին հասցնել 2018 թվականին սկսած հակահայկական «հատուկ գործողությունը»։ Մարտի 5-ի արյունոտ առավոտը, երբ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվեցին Արցախի ոստիկանության երեք աշխատակիցներ, կարող է հայկական երկրամասի համար պայքարի վճռական փուլի նախանշանակը դառնալ: Շաբաթվա ընթացքում պարզ դարձավ նաև, որ արտաքին ուժերը չափազանց դժկամությամբ ու անհամարժեք են արձագանքում տեղում կատարվող ամենին՝ հետապնդելով բացառապես իրենց սեփական, իրականությունից հաճախ կտրված շահերն ու նպատակները։