ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԱՆՑՔԵՐ Ը, կամ՝ Ի՞ՆՉ Է ՇՇՆՋԱՑԵԼ ՆՐԱՆ ՄԻՇԵԼԸ
Դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երրորդ փուլից 2 օր անց ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց: «Հայաստանի ժողովրդավարության տոկունության և տարիների ընթացքում երկրի գրանցած զգալի առաջընթացի» մասին հավաստիացումների հետ մեկտեղ՝ այն բովանդակում էր մի արտահայտություն, որն անմիջապես ընդգծեցին դիտորդները. «Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները»: Այս արտահայտությունը որոշ փորձագետների առիթ տվեց հայտարարելու, որ աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների հետ Փաշինյանի «մեղրամիսը» մոտենում է ավարտին։ Ասել է թե՝ դեսպանատունը հասկացնել է տալիս, որ շատ բաներ, ինչ նախկինում ներվել է իշխանություններին, այսուհետ չի ներվելու։