ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ` ՎԱԳՈՆ ՏՆԱԿՈՒՄ 25 ՏԱՐԻ ԱՊՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Բաբայանների ընտանիքը 25 տարի Ամանորը դիմավորել է վագոն-տնակում: Տոնածառի չափազանց համեստ չափն այդտեղ միշտ հարմարեցվել է տարածքին, իսկ ընտանիքի միակ՝ տուն ունենալու երազանքը մնացել է անփոփոխ: 27 քմ մակերեսով երկաթյա անհրապույր կացարանում մեծացել է երեք երեխա: Այդտեղ է ծնվել նաև Բաբայանների առաջին թոռնիկը, ում մանկությունը, բարեբախտաբար, չի անցնելու նույն կերպ: 2022 թվականի Ամանորն այս ընտանիքի կյանք է մուտք գործել բառացիորեն՝ «ամեն ինչ նոր» սկզբունքով: Հերթական վագոն-տնակն, իր մեջ ամփոփված հիշողություններով, կտրվի մոռացության, իսկ Բաբայանները կապրեն չորսսենյականոց ընդարձակ տանը: