ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԾԱՐԱՎԻ Է ԱՐՅԱՆ
Դատելով ամենից, մոտենում է ընդդիմության և իշխանության դիմակայության գագաթնակետը, որը ներքաղաքական պայքար անվանել լեզուդ չի պտտվում, այնքան լուրջ է իրավիճակը Հայաստանում և Արցախում։ Հոժարակամ կհեռանա արդյոք Փաշինյանը, թե՞ առճակատման կգնա ժողովրդի հետ և կներքաշի երկիրը բախումների և, Աստված մի արասցե, քաղաքացիական պատերազմ հորձանուտ։ Կասկածից վեր է, որ Հայրենիքի փրկության Շարժումը կանի ամեն ինչ, որպեսզի զերծ պահի առանց այդ էլ փլուզման եզրին գտնվող պետությունը ցնցումներից, սակայն այս պղտոր ջրում կրկին սկսել են նշմարվել այն ուժերը, որոնք սովոր են ցանկացած խառնակ ժամանակներում փորձել բռնել իրենց գարշահոտ ձուկը։
Խոսքը միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին չէ, որի առաջնորդն ակնհայտորեն հակադրում է սեփական սիրելի անձը միավորված ընդդիմությանը։ Խոսքն առաջին հերթին նրա մասին է, ում չարագուշակ ստվերն արդեն 30 տարի կախված է Հայաստանի վրա, նշանավորելով բացառապես բացասական զարգացումներ ու աղետներ երկրի և ժողովրդի համար։ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկու ամսից քիչ ավելի ժամանակահատվածում աչքի էր ընկել մի քանի կարծես թե դրական ազդակներով, կիրակի օրն այնուամենայնիվ հերթական անգամ հաստատեց ինչպես սեփական չար համբավը, այնպես էլ «կարմիր կովը կաշին չի փոխում» հայկական ասացվածքի հավաստիությունը։
Երբ պատերազմի օրերին նա մտադրվեց Մոսկվա մեկնել Ռոբերտ Քոչարյանի հետ, շատերը լարվեցին՝ արդարացիորեն համարելով, որ ոչ մի լավ բան դրանից ակնկալել չարժե, եթե նկատի առնենք 92-ից ի վեր նրա անփոփոխ դիրքորոշումն Արցախի հարցում։ Երբ նա և իր համախոհները կապիտուլյացիայի ստորագրումից հետո սկսեցին ողջ թափով քննադատել Փաշինյանին, բանիմաց մարդկանց համար դրանում նույնպես բացահայտ ենթատեքստ կար, քանզի փորձագետների գերակշիռ մասը համակարծիք է, որ կապիտուլյացիա ստորագրողը 2018-ին իշխանության է բերվել հենց Արցախի տեր-պետրոսյանական ծրագրերն իրականացնելու նպատակով։ Պարզապես սա այն դեպքն էր, երբ աշակերտը ուսուցչից հեռուն գնաց, ուստի ուսուցիչը կարող էր իրեն թույլ տալ մի փոքր զայրանալ կամ ձևացնել, թե զայրացած է: Ամեն դեպքում դժվար թե որևէ մեկը պատրանքներ ուներ ԼՏՊ-ի իրական մտադրությունների մասին։
Եվ ահա դեկտեմբերի 6-ին միանգամից երկու հայտարարություն հնչեց լևոնական ՀՀՇ/ՀԱԿ-ից։ Սկզբում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե, իբր՝ Հայաստանը Տեր-Պետրոսյանի օրոք հետևողականորեն մերժել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա արցախյան հակամարտության կարգավորման բոլոր փորձերը։ «Այս ամենի արդյունքում է, որ 1997թ.-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին, այսպես կոչված, փուլային պլանը, որտեղ չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին։ Ավելին՝ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ՝ պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ»,- հայտարարեց Զուրաբյանը:
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՍԵԼ ԱՅՍՏԵՂ։ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԻՀԱՐԿԵ, ՈՐ ՀՈՐԻԶՈՆՈՒՄ նշմարվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և քաղաքական այս հավերժական ինֆանտն այնքա՜ն է ուզում կրկին մանդատ ստանալ։ Բայց, փորձելով հերթական անգամ ստուգել հասարակության հիշողության առկայությունը, Զուրաբյանը չի նկատում, որ ինքն անձամբ ցուցաբերում է հիշողության իսպառ կորուստ՝ ձգտելով հերքել վաղուց և ամենքին հայտնի փաստը. Մինսկի խմբի կողմից 1997-ի սեպտեմբերին առաջարկված կարգավորման ծրագրում նշված էր, որ «Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում»։ Եվ հենց այդ մասին իր սիրելի շեֆն ազդարարեց երկրին նույն 1997-ի սեպտեմբերին կայացած մամուլի ասուլիսում, և հենց այդ պատճառով էլ հրաժարական տվեց 1998-ի փետրվարին։ Չենք խոսում արդեն այն մասին, որ դեռևս 1992-ի մարտին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին։ …Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»։
Մի քանի ժամ անց ասպարեզ մտավ ինքը՝ իմաստուն «պատգամախոսը»։ Եվ փորձեց «մտահոգություն» ձևացնել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից և Վազգեն Մանուկյանի ելույթից հետո ընթացող ներքաղաքական զարգացումների առնչությամբ։ Ահա ընդամենը մի քանի մեջբերում նրա ցինիկ հայտարարությունից։
«Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի է խորացրել իմ մտավախությունը երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին»:
«Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»:
«Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին»։
Այնուհետ Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով»:
Քաղաքական ամնեզիան շատ ավելի վտանգավոր վարակ է, քան կորոնավիրուսը, քանի որ ներկա ճգնաժամային իրավիճակում հղի է երկրի լիակատար փլուզմամբ ։ Քանզի ԼՏՊ-ն «մոռացավ» հիշատակել այն իրադարձությունները, որոնք երկիրն ու հասարակությանը ներքաղաքական ցնցումների և բախումների բերեցին հենց իր անմիջական մեղքով։ Ընդ որում՝ առնվազն երկու անգամ։ Առաջին անգամ՝ 1996 թվականին, երբ նա յուրացրեց իշխանությունն ընտրությունների արդյունքների կեղծման միջոցով և գողացավ հաղթանակը Վազգեն Մանուկյանից։ Այն ժամանակ Տեր-Պետրոսյանը փողոցներ դուրս բերեց տանկերն ու բանակային ստորաբաժանումները, և միայն միավորված ընդդիմության զսպվածությունը թույլ տվեց խուսափել զինված բախումներից՝ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ ու զոհեր։
Երկրորդ անգամ՝ 2008 թվականին, երբ հագուրդ տալով ամեն գնով կրկին իշխանության գալու սեփական նկրտումներին, առաջին նախագահն իր սնածու Նիկոլ Փաշինյանի հետ միասին արեց ամեն ինչ, որպեսզի բախումներ սադրի, որոնց զոհը դարձան խիստ կասկածելի հանգամանքներում սպանված 10 անձինք։ Որից հետո, իր իսկ խոստովանությամբ, վերջապես հանգիստ քնեց ամբողջ գիշեր։
Այսօր այդ կատարյալ ցինիկն ու հայատյացը քաղաքական կույս է ձևանում՝ կոչ անելով ժողովրդին չմասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին և վախեցնում քաղաքացիական պատերազմով։ Դրանով իսկ մատնելով սեփական շահագրգռվածությունն այն բանում, որ Նիկոլը մնա, քանզի բոլորից լավ ճանաչելով իր հովանավորյալին՝ հասկանում է, որ վերջինս հոժարակամ չի հեռանա։ Եվ չնկատելով, որ ընդդիմությունը ձգտում է գործել սահմանադրական շրջանակներում ու բազմիցս ընդգծել է, որ ամեն ինչ անելու է երկիրը նոր ցնցումներից և է՛լ ավելի ուժգին ապակայունացումից զերծ պահելու համար։
Իրականում Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղին, որն ամբողջությամբ բաղկացած է երկրին պատճառած ցնցումներից, ապացուցում է, որ նա, հակառակը, հրահրում է իրավիճակի է՛լ ավելի սրում։ Ներքաղաքական խառնակչությունը նրա տարերքն է, նրա մոլուցքն ու ամպլուան։ Դա այն պղտոր ջուրն է, որում նա միշտ ձգտել է բռնել իր հակահայկական ձուկը, որը Փաշինյանն արդեն սկուտեղով մատուցեց իրեն՝ ծվատված ու խոշտանգված Արցախի տեսքով։ Բայց Լևոնին դա քիչ է. նրան պետք է նույնպիսի ծվատված Հայաստան։ Միայն դրանից հետո նա հանգիստ կարող է ոչ միայն քնել, այլև մեռնել։
Եվ վերջինը։ Իր հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը հետապնդում է ևս մեկ նպատակ. դավաճան վարչապետի կողմից ուժի կիրառման դեպքում հնարավոր կատակլիզմների համար Փաշինյանի մեղքին առնվազն հավասար պատասխանատվություն բարդել ընդդիմության, իսկ փաստացի՝ ժողովրդի վրա։ Պետք է խոստովանել, որ ուսուցիչն ու աշակերտը զարմանալիորեն նման են ոչ միայն իրենց պաթոլոգիկ հայատյացությամբ, այլև նրանով, որ կատարվող ամենի մեղավոր համարեն ում ասես, միայն ոչ իրենց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 09:18
На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.
-
2025-05-12 09:50
Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал 29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.
-
2025-05-10 09:29
«Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.
-
2025-05-09 09:16
Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.