Последние новости

Մետաքսե Հակոբյան․ Հարությունյանը ցույց տվեց, որ Արցախում Ադրբեջանն է այսուհետ ազատումներ և նշանակումներ անելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին Պետական նախարարի պաշտոնից ազատելով՝ կատարեց Ադրբեջանի պահանջը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Ըստ էության, Ադրբեջանն է որոշում, թե Արցախում ինչ քաղաքական գործընթացներ կլինեն, կամ պաշտոններին ովքեր կարող են հավակնել: Արայիկ Հարությունյանը ցույց տվեց, որ այս իշխանությունների օրոք Ադրբեջանն է այսուհետ ազատումներ և նշանակումներ անելու: Այս ողջ ընթացքը, երբ Արցախը համախմբված է, որին միացել է նաև Ռուբեն Վարդանյանը, կրկին Արցախի նախագահը ցույց տվեց իր պարտվողական կեցվածքը և հետ կանգնեց մեր պայքարի ուղուց: Նա դավաճանեց այդ միասնականությանը: Ստացվում է, որ նախագահը, որը խոսում է միասնականությունից, ինքը հենց պառակտողն է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով այդ պաշտոնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին նշանակելու նախագահի կողմից ներկայացված առաջարկին՝ Հակոբյանն ասաց. «Բացարձակ էական չեն անձերը, որոնք կնշանակվեն, որովհետև սա արդեն Արայիկ Հարությունյանի համար օրինաչափ է դառնում: Արդեն էական չէ, թե ով կլինի պետնախարարի պաշտոնում: Կա փաստ, որ Արցախում պետական կառավարումը տապալված է»:

Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի որոշումները համաձայնեցված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Նիկոլ Փաշինյանն ունի ծրագիր, որ Արցախը հենց արցախցու ձեռքով հանձնի Ադրբեջանին. մենք վերջին փուլում ենք: Այժմ կա «Նիկոլ-Ալիև-Հարությունյան» եռյակը, որոնք ունեն նույն օրակարգը»:

Նշենք, որ այսօր Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: «Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Այնուամենայնիվ, ես բարձր եմ գնահատում այս ընթացքում պարոն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- իր ուղերձում նշել էր Հարությունյանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ