Последние новости

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի հետևանքով կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր, ինչպես, օրինակ, դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Վերջին երկու օրվա ընթացքում բոլոր դիտակայաններում գրանցվել է կոնցենտրացիայի աճ։

«Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.6 անգամ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Նոր Նորքում 1.2 անգամ»,– գրված է հաղորդագրությունում։

Լրացուցիչ մոնիթորինգից հետո քաղաքացիներին կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ երեկ Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում հրդեհ էր բռնկվել։ Փրկարարներին հաջողվել է տեղայնացնել կրակը, սակայն հրդեհը դեռ չի մարվել։

Հավելենք` ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև այսօր։ Դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ