Последние новости

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը, հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։

Գործակալությունը շեշտել է, որ հուշարձանի ոչնչացումն Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունն է։ Հայկական ծագում ունեցող հայտնի ծովանկարիչը ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին Թեոդոսիայում և մահացել է այնտեղ 1900 թվականի մայիսի 2-ին։ Նա իր ժամանակվա ամենահայտնի և հաջողակ վարպետներից մեկն էր, ճանաչված ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ արտերկրում։

Ստեփանակերտում Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, շուրջ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։

Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ