Последние новости

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Համաշխարհային աստղը Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբեր 23-ին նախատեսված Սնուպ Դոգի համերգը չի կայացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով։

Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս»-ի հետ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետևողական քննարկումների արդյունքում ներկայացվել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր աստղի անունը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս»-ին հատկացրել է ավելի քան 2,3 մլրդ ՀՀ դրամ։ Ջենիֆեր Լոպեսի համերգի համար «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

Ընդգծվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից», այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը:

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Երգչուհին Հայաստան է գալիս իր «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում։ Մայիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե երգչուհին Հայաստան է գալիս Քիմ Քարդաշյանի միջնորդությամբ, սակայն Հայաստանում համերգի մասին լուրերի հաստատումից հետո ոչ ոք չէր համարձակվել այն կազմակերպել, քանի որ պահանջվել էր մոտ 1 մլն ԱՄՆ դոլար։

Ինչ վերաբերում է Սնուպ Դոգի համերգին՝ փետրվարին գրել էինք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։

Ռեփերի հոնորարը կազմել էր 1,8 մլն դոլար։ Ըստ Մրցակցության պետական հանձնաժողովի՝ ռեփերը համաձայնել էր ամբողջ հոնորարը վերադարձնել «Դոպինգ Սփեյս»-ին այն դեպքում, երբ համերգի չեղարկման դեպքում գումարի վերադարձ պայմանագրով նախատեսված չէր։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ