Դա տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան մոտավորապես ժամը 6-ին Արցախում, որտեղ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր ցեղասպանություն էր իրականացվում, բայց աշխարհը լռում էր։ Դա տեղի ունեցավ այն մարդկանց հետ, որոնք 9 ամիս շարունակ զրկված էին կյանքի համար անհրաժեշտ ամենից, տանջահար՝ սովից, ցրտից, էլեկտրականության, գազի, վառելիքի, դեղորայքի բացակայությունից, և կտրված քաղաքակիրթ աշխարհից: Այն աշխարհից, որը ժամանակ առ ժամանակ ինչ-որ անըմբռնելի ձայներ էր արձակում՝ «կոչեր ու պահանջներ» անվանումով, բայց մատը մատին չտվեց 100 հազարից ավելի արցախցիներին օգնելու համար։
Դա տեղի ունեցավ փոքրիկ հանրապետությունում, որը 3 տարի առաջ սարսափելի պատերազմ էր վերապրել, և դրանից ընդամենը մի քանի օր առաջ կրկին ենթարկվել թուրքական հանցավոր ռազմական մեքենայի հրեշավոր հարձակմանը: