Սահմանների բացման և ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում Հայաստանի համար ամենալուրջ մարտահրավերը ոչ թե թուրքական կամ ադրբեջանական գյուղմթերքի մեծածավալ ներկրումը կլինի, այլ խնդիրը կսկսվի զբոսաշրջության ոլորտից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Ռազմիկ Տերտերյանը։
Նա նշեց, որ Թուրքիան այսօր զբոսաշրջության ոլորտում մրցունակ է Իտալիայի, Իսպանիայի և այս ոլորտում առաջատար մյուս երկրների հետ. տարեկան ավելի քան 60 մլն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիր, որի ենթակառուցվածքները, հյուրանոցները, ճանապարհները, սպասարկման ոլորտը լավագույններից մեկն են համարվում։ Տերտերյանը համոզված է` Բաթումի օրինակով Թուրքիան կարող է Հայաստանի ամբողջ ոլորտը վերցնել իր ձեռքը։
«Եթե ամենավատ սցենարով առաջնորդվենք, ապա սահմանների բացումից հետո Թուրքիան կարող է Հայաստանում գնել հյուրանոցներ, կառուցել նորերը։ Այս դեպքում նաև շինարարության ոլորտի հասանելիություն կստանա։ Հյուրանոցներից հետո կարող է շատ հանգիստ մտնել բնակարանաշինության ոլորտ, ապա` արտադրական ոլորտ, մասնակցել պետական տենդերներին, ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների կառուցմանը»,– նշեց տնտեսագետը։
Ըստ նրա` շղթայի մի մաս է կազմում սպասարկման ոլորտը, և Թուրքիան կամ Ադրբեջանը կարող են մուսուլմանական երկրներից ներկրել էժան աշխատուժ, որը հետո, տարիներ շարունակ ապրելով Հայաստանում, կարող է հանգեցնել ժողովրդագրական փոփոխությունների ու խնդիրների` խառնամուսնություններ, ինչը քաղաքացիություն ստանալու ամենակարճ ճանապարհն է, մուսուլման բնակչության ավելացում։
Տնտեսագետը կարծում է` մարտահրավերներին դիմագրավելու համար մեր կառավարությունը պետք է բոլոր ոլորտներում թուրքական և ադրբեջանական բոլոր ընկերությունների նկատմամբ կիրառի հստակ սահմանափակումներ, հատուկ լիցենզավորման կարգ, արհեստական խոչընդոտներ, որպեսզի նրանք ոչ թե կլանեն մեր տնտեսությունը, այլ համագործակցային հարաբերություններ կառուցեն մեզ հետ։ Փոխարենը մեծ արտոնություններ տրվեն ռուսական, իրանական, չինական, եվրոպական ընկերություններին։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո 5 րոպե անց ադրբեջանցիներն ու հայերը կսկսեն միմյանց հետ առևտուր անել, Տերտերյանը կարծում է, որ դա ոչ թե 5 րոպեի, այլ տարիների հարց է, ու այս դեպքում ոչ միայն երկու երկրների օրենսդրական դաշտը պետք է փոխել, այլև պետք է նախապատրաստվել հոգեբանորեն։
«Եթե 2 հարևան երկրների մեջ տասնյակ տարիներ խզվել են բոլոր տեսակի կապերը, ավելին` թշնամանք է սերմանվել հասարակությունների միջև, ապա երկար տարիներ են պետք, որպեսզի ժողովուրդը, սպառողը հոգեբանորեն պատրաստ լինի առևտուր անելու։ Հոգեբանորեն նաև շատ դժվար է ադրբեջանցուց ապրանք գնել, երբ մտածում ես, որ այն գնելով` օգուտ ես տալու Ադրբեջանի տնտեսությանը, որից հետո այն կարող է վերածվել զենքի և նորից ուղղվել քո դեմ»,– ընդգծեց նա։
Տնտեսագետի կարծիքով` Հայաստանի տնտեսությունն ու ժողովրդագրությունը փրկելու և պահպանելու համար պետք է խստացվեն նաև ՀՀ աշխատաշուկայում այլազգիների զբաղվածության պայմանները, ինչպես նաև մեր երկրում օտարազգիների գտնվելու ժամկետը։ Օրինակ` սահմանվի, որ օտարերկրացին իրավունք ունի Հայաստանում մնալ 90 օրից ոչ ավելի։
Մյուս լրջագույն վտանգը, ըստ Տերտերյանի, լոգիստիկ շուկան է, որը թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները կարող են շատ արագ գրավել` իրենց քանակով սնանկացնելով մեր լոգիստիկ կազմակերպություններին։ Համեմատության համար նա նշեց` եթե Հայաստանում ընդամենը 2300 բեռնատար է գործում, ապա, օրինակ, թուրքական կազմակերպություններից յուրաքանչյուրն ունի մոտ 3000–4000 բեռնատար։
«Լոգիստիկան տնտեսության արյունատար համակարգն է։ Եթե այն գտնվում է մեկ մարդու ձեռքում, նա կարող է շատ հանգիստ կաթվածահար անել տնտեսությունը։ Եթե թուրքերը գրավեն մեր լոգիստիկ շուկան, ցանկացած պահի կարող են սաբոտաժի միջոցով ստրատեգիական ապրանքների ներմուծումն արգելափակել, որը մեր տնտեսության համար կարող է անդառնալի կորուստների հանգեցնել»,– շեշտեց տնտեսագետը։
Տերտերյանի խոսքով` որքան էլ տարօրինակ հնչի, մեր կառավարությունն այս դեպքում պետք է արտոնություն տա թուրքական կամ ադրբեջանական լոգիստիկ կազմակերպություններին, որպեսզի նրանք Հայաստանն ընկալեն բացառապես որպես տարանցիկ երկիր, այլ ոչ թե մտնեն մեր ներքին շուկա։