Այս հոդվածում կանդրադառնանք կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում տեղ գտած ևս մեկ ուշագրավ և միաժամանակ խնդրահարույց արձանագրմանը։ Այն վերաբերում է զեկույցի 8-րդ էջում տեղ գտած հետևյալ ձևակերպմանը. «Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 2021-2025թթ. փաստացի իրականացվող, ինչպես նաև ստորագրված, հաստատված և առաջիկայում մեկնարկող ծրագրերի հանրագումարը կազմել է շուրջ 900 մլն եվրո»։
Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես լուրջ ներդրումային ձեռքբերում։ Սակայն, եթե մի փոքր խորանանք, ապա պատկերը բոլորովին այլ կլինի։ Խոսքը ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում ձևավորված «Տնտեսական և ներդրումային պլանի» մասին է, որի վերաբերյալ դեռևս 2021թ. կառավարությունը հայտարարել էր Հայաստանում շուրջ 2.6 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացնելու մասին։ Հիմա, ըստ այդ զեկույցի, այդ ծավալից 900 մլն եվրոն արդեն «շարժման մեջ է»՝ կա’մ ստորագրված, կա’մ հաստատված, կա’մ մեկնարկի փուլում գտնվող ծրագրի տեսքով։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, որը զեկույցում հնարավորինս փորձ է արվել քողարկել։
Այդ 900 մլն եվրոյի զգալի մասն իրականում ներդրում չէ. խոսքն ընդամենը ՀՀ կառավարությանը տրամադրվող վարկային միջոցների մասին է։ Այլ կերպ ասած՝ արտաքին ֆինանսական ռեսուրսներ, որոնք Հայաստանը ներգրավում է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում և հետագայում պարտավոր է վերադարձնել։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացվում է որպես «ներդրումային փաթեթ», մեծ մասամբ պետական պարտք է։
Սա պարզապես ձևակերպման խնդիր չէ, այլ՝ բովանդակային։ Երբ վարկը ներկայացվում է որպես ներդրում, ստեղծվում է արհեստական «հաջողության» տպավորություն։ Մինչդեռ իրական ներդրումը ենթադրում է ռիսկային գործոններն իր վրա վերցնող կապիտալ, մասնավոր հատվածի ակտիվություն և երկարաժամկետ վստահություն երկրի նկատմամբ։ Վարկը, հակառակը, պարտավորություն է, որը վաղ թե ուշ պետք է մարվի՝ ՀՀ քաղաքացիների՝ «հպարտ» հարկատուների հաշվին։
Ավելին, եթե խոսենք ներդրումային միջավայրի մասին, ապա պատկերն այստեղ ավելի քան մտահոգիչ է։ Չնայած պաշտոնական հավաստիացումներին, թե Հայաստանը շարունակում է մնալ գրավիչ ուղղություն ներդրողների համար, իրականում ավելի ու ավելի հաճախ է տարատեսակ միջազգային կառույցներից ու փորձագետներից հնչում հակառակ գնահատականը՝ բարձր ռիսկեր, անկանխատեսելի միջավայր, թույլ ինստիտուտներ, ինքնիրավչություն իշխող ուժի կողմից։ Ներդրողը նախևառաջ փնտրում է կայունություն, կանխատեսելիություն, իրավունքների պաշտպանություն և խաղի հստակ կանոններ։ Սակայն Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները, քաղաքական կամ կամայական միջամտությունները և որոշումների թափանցիկության պակասն էապես խաթարել են այդ վստահությունը։
Հայաստանում ներդրումային միջավայրի որակի մասին խոսելիս հնարավոր չէ չհիշատակել վերջին տարիներին մի շարք աղմկահարույց դեպքերը, որոնք լրացուցիչ կասկածի տեղիք են տվել ներդրողների շրջանում։ Օրինակ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ գործընթացները, որոնք ուղեկցվում են քաղաքական բարձր լարվածությամբ և հանրային հակասական գնահատականներով, ինչը ցույց է տալիս, թե որքան արագ կարող է մասնավոր սեփականության շուրջ ձևավորվել անկայուն իրավիճակ։ Նույն կերպ, ԱՆԻՖ հիմնադրամի գործունեության շուրջ առաջացած հարցերն ու ոչ բավարար թափանցիկությունը խաթարեցին պետություն-մասնավոր համագործակցության հանդեպ վստահությունը։ Չի կարելի անտեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից միջազգային արբիտրաժ դիմելու փաստը։ Այս օրինակները ձևավորում են մի միջավայր, որտեղ ներդրողը ոչ միայն հաշվարկում է տնտեսական շահութաբերությունը, այլև քաղաքական ռիսկերը, որոնք Հայաստանում շարունակում են մնալ բարձր։
Ընդհանուր պատկերը միանշանակ է․երբ պետական կարևորագույն փաստաթղթում պարտքը ներկայացվել է որպես ներդրում, իսկ իրական արդյունքները չեն համեմատվել սեփական ծրագրային թիրախների հետ, դա արդեն պարզապես սխալ չէ՝ դա գիտակցված մանիպուլյացիա է։ Սա ոչ թե հաշվետվություն է, այլ քաղաքական տեքստ՝ գրված «լավ թվերի» լեզվով։ Եվ որքան էլ փորձ արվի փաթեթավորել իրականությունը, ակնհայտ է՝ խոսքը ոչ թե ձեռքբերումների, այլ ձախողված կառավարման, բաց թողնված հնարավորությունների և հերթական չիրականացված խոստումների մասին է։
