Логотип

Փաշինյանը հայտարարել է, որ 2 եվրոյով թոշակառուն կարող է 5 հատ տոմս առնել դեպի Լառնակա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ելույթի ընթացքում ստացած տեղեկությունների (սքրինշոթերի) համաձայն՝ Գյումրիից դեպի Կիպրոսի Լառնակա քաղաք տոմսի արժեքը կազմում է ընդամենը 2 եվրո (շուրջ 900 դրամ)։

«Մեր՝ ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է 5 հատ «туда-обратно» (հետադարձով) տոմս առնել»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտնել է, որ ոլորտի նախարարի փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հետվճարի (քեշբեք) համակարգի շնորհիվ, կենսաթոշակն արդեն կազմում է սպառողական զամբյուղի շուրջ 120%-ը։

Նրա խոսքով՝ կառավարության քաղաքական հանձնառությունն է այնպես անել, որ կենսաթոշակը երբեք չիջնի սպառողական զամբյուղի շեմից։

Խոսելով կենսաթոշակառուների սոցիալական վիճակի մասին՝ նա հիշատակել է կենսաթոշակառուների տնտեսական ակտիվության բարձրացման ծրագիր իրականացնելու պլանների մասին և 63 տարեկանն անվանել «բիզնես սկսելու լավագույն տարիք»։

«63 տարեկանը, 65-ը, 70-ը ի՞նչ տարիք են, եթե մարդն առողջ է: Իսկ դրա համար կա բժշկական համընդհանուր ապահովագրության համակարգը: Երբ մարդն ակտիվ է, գոհ է կյանքից, զբաղմունք ունի, դա շատ ավելի կարևոր է, քան նրան արված նվիրատվությունները»,- հայտարարել է Փաշինյանը։

Հարկ է նշել, որ Փաշինյանի հիշատակած՝ մեկ ուղղությամբ մոտ 2 եվրո արժողությամբ տոմսերն առաջարկվում են Wizz Air-ի ակցիոն սակագների շրջանակում և կանոնավոր գնային քաղաքականության մաս չեն կազմում։

Հայաստանի կենսաթոշակների մասին

2026 թվականի տվյալներով՝ Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտ 50-60 հազար դրամ (շուրջ 130-160 դոլար)։ Նվազագույն կենսաթոշակը կազմում է մոտ 36 հազար դրամ (100 դոլարից պակաս)։

Լառնակայում հանգստի գների մասին

«ԱՌԿԱ» գործակալությունը հաշվարկել է, որ Հայաստանի կենսաթոշակառուի համար Լառնակայում 4 օր/3 գիշեր բյուջետային հանգիստը կարող է արժենալ մոտ 120–140 հազար դրամ, թեև վերջնական գումարը կախված կլինի ամսաթվերից, սակագնից և կացության ձևաչափից։