Логотип

Սամվել Կարապետյանի դատական նիստը չի հեռարձակվի և տեսանկարահանվի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դատական նիստը չի հեռարձակվի և տեսանկարահանվի։

Նման որոշում ընդունեց դատավորը՝ հաշվի առնելով Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո մեկնարկում է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։