Логотип

Ինչո՞ւ է ձերբակալվել Գոհար Ղումաշյանը․ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։ Այս մասին պարզ է դառնում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությունից և կից ներկայացված ձայնագրությունից։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,- հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն ու կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։

Sputnik Արմենիա