«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին, Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ ունենալու ենք դատական նիստ»,–ասաց Վարդևանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:
Վարդևանյանը մանրամասնեց, որ երբ արդեն գործը գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ է առնում նախնական դատալսումները, դրանք էլ իրենցից ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց այժմ ամենակարևորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է:
«2026 թվականի ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և առանցքային է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին: Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ կապահովվի»,- նշեց Վարդևանյանը։
Sputnik Արմենիա
