Логотип

Վենսը Հռոմի պապին խորհուրդ է տվել «զգույշ լինել իր արտահայտություններում»

Հռոմի պապ Լևոն 14-րդը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում, երբ քննադատում է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներառյալ իրանական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Մասնավորապես, քաղաքական գործիչը քննադատել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այն խոսքերը, թե «Աստված նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն»։ Վենսը հարց է բարձրացրել՝ արդյոք Լևոն 14-րդի խոսքերը կիրառելի են Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկատմամբ, երբ ԱՄՆ-ն ափ իջավ Ֆրանսիայում և ազատագրեց մի շարք նացիստական համակենտրոնացման ճամբարներ։

«Ինչպե՞ս կարող եք պնդել, թե Աստված երբեք նրանց կողմից չէ, ովքեր սուր ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ փոխնախագահի համար է կարևոր զգույշ լինել պետական քաղաքականության հարցերի մասին խոսելիս, ես կարծում եմ, որ Հռոմի պապի համար շատ, շատ կարևոր է զգույշ լինել աստվածաբանական հարցերի մասին խոսելիս»,- ասել է նա։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, Վատիկանի հետ հակամարտությունում Վենսի խոսքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ նա կաթոլիկ է։

Ապրիլի 13-ին Հռոմի Լևոն 14-րդ պապը, մեկնաբանելով Թրամփի քննադատական հայտարարություններն իր հասցեին, հայտարարել էր, որ կշարունակի հանդես գալ պատերազմների դեմ։ Հայրապետը նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ քրիստոնեական պատգամը սխալ նշանակությամբ են օգտագործում և չարաշահում են այն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ։

Sputnik Արմենիա