Логотип

Սաղաթելյան․ Առաջարկում եմ՝ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք

Չարիքի այս իշխանությունը կատարել է հերթական ձերբակալությունը, այս անգամ կին քաղաքական գործչի. ես ապշում եմ, երբ մարդիկ զարմանում են, այդ թվում նաև քաղաքական գործիչները, թե՝ այս ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանը ձերբակալում է երիտասարդ կնոջ, նորածին երեխայի մորը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նման տեքստեր ասողները հաճախ մոռանում են թե ում հետ գործ ունեն։ Խոսքը այն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի կնոջը, մինչև հիմա ներողություն չի խնդրել, իսկ վրաերթի ենթարկողը պատասխանատվություն չի կրել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ում գործունեության արդյունքում ունեցել ենք 5000 զոհ, ով հանձնեց հայրենիքը, ում գործունեության արդյունքում այսօր Ադրբեջանը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Վերջին հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, նրա կամակատար դատախազությունը և քննչական մարմինները բազմաթիվ կեղծ, շինծու մեղադրանքներով ու ձայնագրություններով ձերբակալել են մի քանի տասնյակ քաղաքացիների։ Ես ընդամենը հիշեցնեմ Վայոց Ձորի Դաշնակցության կառույցի հետ ինչ տեղի ունեցավ երկու տարի առաջ. 14 հոգու նման շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև կանանց, ձերբակալեցին։ Դրանից առաջ Արարատի մարզում, Արմավիրի մարզում և առհասարակ բազմաթիվ քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների, ակտիվության համար այս իշխանության կողմից նրա կամակատար դատախազության դատարանի և քննիչների կողմից ապօրինի հետապնդման են ենթարկվել և ձերբակալվել։ Եվ վերջապես Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը ևս 15 հոգի նման կեղծ, շինծու մեղադրանքով, նման խուժան ձայնագրությունների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ։

Հետևաբար պետք չի զարմանալ այս իշխանությունների ապօրինություններից, սրանց ձեռագիրը նույնն է։ Իրենց իշխանությունը պահելու և ապագային վերարտադրություն ապահովելու համար, իրենք շարունակելու են նման գործելաոճը»։

Անդրադառնալեվ անելիքներին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ի՞նչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ի՞նչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ի՞նչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաև գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին և ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելուն, քաղբանտարկյալների ազատությունը ապահովելուն և առաջիկա ընտրությունների վերհսկողություն իրականացնելուն։ Այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցում։

Նաև մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք, այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու և համատեղ ուժերով այս ապօրինությունների դեմն առնելու համար։ Մենք գտնում ենք, որ սրանք շարունակելու են ապօրինությունները, սրանք առաջիկայում ավելի մեծ ծավալի են հասնելու։ Այս իշխանությունը նաև ունի կանաչ լույս իր ապօրինությունները շարունակելու համար, իսկ դրան դիմագրավելու և այս ամեն ինչը կանխելու միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերը և գործողություններն են։ Դրա և մեխանիզմները կա, և հնարավորություն կա, և ձևավորած առաջարկությունը։

Մենք հավատում ենք, որ հնարավոր է սրա դիմացը առնել, դրա բոլոր պայմանները կան։ Անհրաժեշտ է ընդամենը չընկնել Նիկոլ Փաշինյանի լարած ծուղակը և թակարդը, հավելյալ ճեղքեր չստեղծել ընդդիմադիր դաշտում և չխուսափել համագործակցության հեռանկարից, որովհետև գոյություն ունի իշխանությունն իր հանցավոր դատախազության քննչական մարմիններով, որոնք պատրաստ են ցանկացած ապօրինության, իսկ որևէ ուժ միայնակ այս ամեն ինչի դիմացը դժվար կկարողանա առնել։

Հետևաբար անհրաժեշտ է այս հարցերի շուրջ լիարժեք և ամբողջական համագործակցություն։ Մենք շարունակելու ենք այս թեմայով աշխատանքները և մեր ժողովրդի հանրության տարբեր շերտերի և քաղաքական ուժերի հետ, որովհետև սրանց դիմագրավելու միակ ճանապարհը պատշաճ և համարժեք հակազդեցությունն է, դիմադրությունն է և համատեղ ջանքերով այս ամեն ինչի դիմացը առնելու քայլերն են, որին մենք պատրաստ ենք ամբողջական տրամադրվելու, մեր ներուժը դնելու և այդ նույն ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատար ուժերից»։

News.am