Логотип

Ի՞նչ կապ ունես դու սպորտի հետ. Ծառուկյանի խոսնակի կոշտ արձագանքը Արայիկ Հարությունյանին

ԲՀԿ նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

Ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Այսօր արդեն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրել է, որ 2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները, հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում և շատերն էին հարցնում՝ արդյոք դա պետք է իրեն։ Այդ տարիներին մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։

«Գագիկ Ծառուկյանի պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ…Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո»,–գրել է Տոնայանը։

Գագիկ Ծառուկյանի խոսնակը հարց է ուղղել Արայիկ Հարությունյանին` խնդրելով բացատրել, թե նա ինչպես է հայտնվել Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չի կատարել։

«Լավ կլիներ` ինչ– որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինելու, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի՞ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։ Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։ Եվ ի վերջո՝ արդյոք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ որպես ֆեդերացիայի նախագահ։ Հարցերս հռետորական չեն․․․»,–գրել է Տոնոյանը։

Հիշեցնենք` Ծանրամարտի ֆեդերացիան դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Բացի այդ, նաև պահանջում են նույն ամսաթվից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները և նրանց կողմից ընդունված որոշումները։

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով (Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ․ թվականից- խմբ․)։ Ֆեդերացիայում կարծում են` քանի որ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։

Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Անուշավան Մուշեղյանին։

Հավելենք, որ 2025-ի հունվարի 22-ից Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։

Sputnik Արմենիա