Մենք կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի նախաձեռնած դաշինքի կազմում ընդգրկված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դատավարությանը և դրանից ակնկալիքներին, նա ասաց. «Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրենք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին և դատական մարմիններին, այսինքն մատերի արանքով։ Արդարադատություն և Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված, դրանք որևէ աղերս չունեցող հայտարարություններ են»։
Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմության ճամբարում, ըստ էության, մեծ կոնսոլիդացիաներ տեղի չունեցան, Նաիրի Սարգսյանն ասաց. «Դեռ վաղ է դրա մասին հայտարարելը, որովհետև դաշինքի երեք անդամ կուսակցությունները նոր համագումար են դրել և հնարավոր են դեռևս միացումներ։ Միացում և լայն կոնսոլիդացիա ասվածը պետք չի պատկերացնել, որ բոլոր քաղաքական ուժերի միացում։ Կան քաղաքական ուժեր, որ մենք ինքներս չենք ցանկանա, որ միանան։ Օրինակ գոյություն ունեն Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժեր, որ իրենց չի կարելի համարել ընդդիմադիր ուժեր և չի կարելի նրանց հետ կոնսոլիդացնել։ Հետևաբար, այս կոնսոլիդացիան, այս տեսքով, կարծում եմ, արդեն բավարար է Նիկոլ Փաշինյանին տապալելու համար»։
News.am
