ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են կապ պահպանել պակիստանցի միջնորդի միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է՝ պակիստանցի միջնորդի միջոցով»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Բաղային հավելել է, որ Պակիստանի ներկայացուցչի Թեհրան կատարած այցն իսլամաբադյան բանակցությունների տրամաբանական շարունակությունն է։ Պակիստանյան պատվիրակությունն Իրան կժամանի արդեն այսօր՝ ապրիլի 15-ին։ Սպասվում է, որ օրակարգի առանցքում լինելու են Թեհրանի և Վաշինգտոնի դիրքորոշումների շուրջ քննարկումները։
Ապրիլի 11-ին Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրել են կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության հետագա հեռանկարներն անորոշ են։
News.am
