Логотип

Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին

Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Վարդևանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։

«Անընդունելի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածության պատճառով այն հետաձգվում է։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ նույնիսկ դա կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելու համար։ Փաստացի արդեն 2 օրով զրկվել են դրանից»,- նշեց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ չնայած հետապնդումներին ու տեղի ունեցող աբսուրդներին, միևնույնն է՝ ինքը հավատում է իրավունքի գերակայությանը։

Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:

Sputnik Արմենիա