Логотип

ԿԸՀ․ Երկքաղաքացի անձանց ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը որոշում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ Սահմանադրությունը

Երկքաղաքացիների ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը որոշում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Նազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու պետք է ՀՀ անձնագիր ունեցող այլ երկրների քաղաքացիները որևէ բան որոշեն Հայաստանի բնակիչների փոխարեն։

Ի պատասխան՝ Հովակիմյանը հիշեցրել է գործող Սահմանադրության դրույթները, համաձայն որոնց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները։ Իսկ Ընտրական օրենսգիրքն իր հերթին ապահովում է այդ իրավունքի իրացումը։

«Սահմանադրությունը մեր քաղաքացիներին չի արգելում ազատ տեղաշարժվել, այդ թվում՝ դրսում ապրել և ընդամենը մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի մեր քաղաքացիները քվեարկելու համար լինեն Հայաստանի Հանրապետությունում, գնալ տեղամաս և քվեարկել»,- հիշեցրել է Հովակիմյանը։

Այդուհանդերձ, պատգամավորին չի գոհացրել ԿԸՀ նախագահի պատասխանը։ «Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող մարդը, որը նաև չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում, իրավունք չունի որոշել բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունեցող, Հայաստանի հանդեպ իր բոլոր պարտքը կատարող և Հայաստանում մշտապես ապրող մարդու ճակատագիրը, չի կարող, դա անհեթեթություն է։ Չկա այդպիսի բան աշխարհում»,- հայտարարել է Նազարյանը՝ «հեծանիվ հայտնագործելով» Սահմանադրության դրույթների հարցում։

Գեղամ Նազարյանն ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը, տարիներ շարունակ գլխավորելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարող էր այս գումարման խորհրդարանին ներկայացնել խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը։ Հովակիմյանն էլ, արձագանքելով պատգամավորի դիտարկմանը, նշել է, որ այդ հարցում ԿԸՀ լիազորությունները սահմանափակ են։

News.am