Հայկական կողմը փորձում է լուծում տալ երկրի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման վերահասցեագրման հարցին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա շեշտել է, որ անկախ կառավարման մոդելից երկաթուղու երկու առանցքային հատվածների հիմնանորոգումը պետք է իրականացվի՝ համակարգն ապաշրջափակմանը նախապատրաստելու համար։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ռուսական կողմին առաջարկվել է կառուցել հենց այդ հատվածները, սակայն Մոսկվան այս փուլում լրացուցիչ հետազոտություններ ու հաշվարկներ է պահանջում։ Փոխվարչապետը խուսափել է հստակեցնել, թե ինչ լուծում կգտնեն կողմերը՝ հաշվի առնելով կառավարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։
«Մի լուծում կգտնենք, բայց ես չեմ կարող այսպես ասել ձեզ, թե ինչ լուծումներ են հնարավոր»,- նշել է նա։
Միաժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման հնարավոր փոփոխությունը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բխում են Երևանի և Մոսկվայի շահերից։
«Ռուսաստանը նույնպես շահելու է, երբ տարածաշրջանը սկսի շնչել։ Օրինակ՝ Հնդկաստանից ապրանքը կարող է գալ և անցնել Հայաստանով, և այդտեղ Ռուսաստանն էլ իր մասնաբաժինն է ունենալու՝ լինի դա Սև ծովով, թե Եվրոպայով տարանցման դեպքում»,- ասել է Սուքիասյանը։
Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումներն սկսվել էին հունվարին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս գործընկերներին կոչ էր արել արագացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնումը՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) տրանսպորտային նախաձեռնության իրականացման համատեքստում:
Փետրվարին Փաշինյանը հայտնել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը:
Այս հայտարարությանը հաջորդեցին ռուսական կողմի մի շարք արձագանքներ։ Նախ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան» երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու վերաբերյալ։ Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ երկաթուղիների կոնցեսիայի վաճառքը կարող է զրկել Հայաստանին ռուսական բեռներից։
Ղազախական կողմը ևս հայտարարել էր, որ չի բանակցում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ։
Այս և հայ-ռուսական տնտեսական համագործակցության այլ հարցերն ապրիլի 1-ին քննարկվել էին Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ։
Armenia Today
