Логотип

Կիպրոսում լարվածությունը սրվել է օկուպացիոն թուրքական ուժերի իրականացրած սադրանքի պատճառով

Պիլա գյուղի մոտ ՄԱԿ-ի վերահսկվողության տակ գտնվող բուֆերային գոտում պարեկային ծառայությունն ուժեղացվել է թուրքերի օկուպացված հյուսիսային Կիպրոսից անվտանգության աշխատակիցների՝ բուֆերային գոտի չարտոնված մուտք գործելուց հետո։

«Բուֆերային գոտում չարտոնված մուտքը, ներկայությունը կամ գործունեությունը առաքելության մանդատի խախտում է։ Առաքելության մանդատի նկատմամբ հարգանքը կարևոր է այս զգայուն տարածքում կայունությունը պահպանելու համար։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ստատուս քվոն վերականգնելու և տարածքում կայունությանը բացասաբար ազդող գործողությունների թույլ չտալու համար»,- նշել են ՄԱԿ-ում։

Ընդ որում, տանկեր և ռազմական տեխնիկա չեն մտել բուֆերային գոտի, և ՄԱԿ-ի խաղաղապահների հետ բախումներ չեն եղել, ինչպես հաղորդվել է լրատվամիջոցներում։ Philenews-ին ասել է UNFICYP-ի ներկայացուցիչ Ալիմ Սիդդիկը։

Նա հայտարարել է, որ որոշ հաղորդագրություններում որպես տանկեր նկարագրված մեքենաներն իրականում ամենագնացներ էին և բուֆերային գոտուց դուրս էին։

Միջադեպը սկսվել է կիպրոսցի անասնաբույժների հետ՝ բուֆերային գոտում թուրք կիպրոսցիներին պատկանող անասնապահական ֆերմաներում դաբաղի ստուգումներ անցկացնելու մուտքի շուրջ վեճից։ Օկուպացիոն ուժերը մտել են բուֆերային գոտի՝ այդ ստուգումները խոչընդոտելու համար, ինչը ՄԱԿ-ի առաքելության հետ բախում է առաջացրել։

Կիպրոսի թուրքերի անվտանգության աշխատակիցների չարտոնված մուտքը բուֆերային գոտի պարբերաբար հանգեցրել է անվտանգության խախտումների, ինչը առաքելությանը ստիպել է ավելացնել պարեկային գործունեությունը։

UNFICYP-ի ղեկավար Հասիմ Դիանյեն կոչ արեց բոլոր կողմերին հարգել ՄԱԿ-ի առաքելության մանդատը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ բուֆերային գոտում ցանկացած չարտոնված գործունեություն ՄԱԿ-ի առաքելության մանդատի խախտում է։

Կիպրոսի կառավարությունն օկուպացիոն ռեժիմի գործողությունները որակել է որպես լուրջ խախտումներ։ Նախագահի ներկայացուցիչ Վիկտորաս Պապադոպուլոսը խոր մտահոգություն է հայտնել «սրացման» վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ գործողությունները մեծացնում են լարվածությունը և խաթարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները վերսկսելու ջանքերը։

Նա հաստատել է, որ այս հարցը կբարձրացվի Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Թուֆան Էրհուրմանի միջև հաջորդ հանդիպման ժամանակ։

News.am