Логотип

Ղահրամանյան․ Արդեն 15 անձ բերման է ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել

Արտաշատում 15 անձ է բերման ենթարկվել, 1 անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Էլի մեղադրանքը նույնն է, իբր թե բարեգործության արգելքն է խախտել, սա արդեն ձեռագիր է։ Իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բարեգործության միջոցով փորձում է հակաօրինական գործունեություն իրականացնել»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ ձերբակալվածների թիվը շարունակում է աճել։ Ընդ որում, ինչպես պնդում է Ղահրամանյանը, փաստաբանների աշխատանքում խոչընդոտներ են արձանագրվում. նրանց միանգամից թույլ չեն տալիս մուտք գործել պաշտպանյալների մոտ։

«Մի շարք զանգերից հետո որոշ փաստաբանների, այնուամենայնիվ, հաջողվել է մուտք գործել շենք»,- նշեց նա:

Ղահրամանյանը նաև հայտարարեց, որ տեղի ունեցածը համակարգային բնույթ է կրում։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։

«Քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը։ Ասեմ, որ Ամիրզադյանը 5 անչափանաս երեխա ունի որդեգրած։ Հուսանք` այդ հանգամանքը հաշվի կառնեն»։

Ավելի վաղ սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտնել էր, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։

Sputnik Արմենիա