Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել, երբ պետք է դառնում են արևմտամետ, երբ պետք է՝ խիստ ռուսամետ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները, երբ իրենց ձեռնտու է, դառնում են արևմտամետ, իսկ երբ պետք է՝ ռուսամետ։ Ռուստամյանը հավելել է, որ իշխող ուժի նպատակն է ցույց տալ, թե իրենք ընդունելի են բոլորի համար։ «Բայց անցած ճանապարհ կա, կատարված գործողություններ, քայլեր, որոնք ցույց են տալիս, որ իրենց հայտարարություններն անհամատեղելի են իրենց գործերի հետ։ Իրենք այնքան են հեռացրել հարաբերությունների վեկտորները Ռուսաստանից դեպի Արևմուտք, որ դժվար են կարողանալու տեղավորվել 2 կողմերի համար ֆավորիտը համարվելու միտումից», – ընդգծել է պատգամավորը։
Նա կոչ արեց վարել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները համատեղելու քաղաքականություն, այլ ոչ թե հետևել «կամ/կամ» սկզբունքին, ինչն էլ ներկայումս անում են իշխանությունները։ ««Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, ապա ինչո՞ւ Ռուսաստանի նախագահը տեսախցիկի առջև հայտարարեց ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Հայաստանի համար սպասվող հետևանքների մասին։ Իշխանությունները բոլոր հարթակներում խոսում են ընդդիմության մասին՝ որպես Կրեմլի ագենտների, այդ պատճառով եվրոպական կառույցները աչք են փակում մարդու իրավունքների խախտումների վրա, քանի որ կարծում են, թե դա տեղի է ունենում իբր Կրեմլի ագենտների նկատմամբ։ Նույնը տեղի ունեցավ նաև եկեղեցու պարագայում», – եզրափակել է Ռուստամյանը։
News.am
