Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին: Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026թ․ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը, և ծառայության ժամկետը նախկին 24-ի փոխարեն կդառնա 18 ամիս։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ կառավարության ծրագրի շրջանակներում իշխանությունները պարտավորություն են ստանձնել կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին:
«Երկրորդ փաստաթուղթը ՀՀ բանակի կերպափոխմանվեր հայեցակարգն է, այնտեղ ևս նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանից արդեն պարզ է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է», – ասաց Պապիկյանը։
Նախարարը հավելեց՝ ծրագրի հաջողությունը կախված էր նրանից, թե արդյոք իշխանությունները կկարողանան վերջին տարիներին ավելացնել պայմանագրայինների թիվը։
Պապիկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2,5 տարի առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որը թույլ է տալիս ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել 6 ամիս ժամկետային ծառայությունից հետո:
Այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շատ զինվորներ երկար տարիներով իրենց ճակատագիրը կապում են բանակի հետ։ Ըստ նախարարի՝ նրանց թիվը հասնում է մի քանի հազարի։ Ուստի նախարարն անհեթեթ է համարում այն պնդումները, թե ժամկետի կրճատումով կրճատում են նաև բանակում ծառայողների թիվը։
Sputnik Արմենիա