Логотип

Նարեկ Կարապետյան․ «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին

«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թ. հունվարին։ Այդ մասին հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Թե ով կլինի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն, դա հայտնի կդառնա, երբ շարժումը դառնա քաղաքական ուժ։ Մեր առաջնորդը կլինի ընդունելի հանրության համար, իսկ անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը, իսկ դա կլինի 2026 թ. տարեսկզբի համագումարի ժամանակ»,– հայտարարեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։

«Արդյոք նորաստեղծ քաղաքական ուժը կհամագործակցի՞ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ» հարցին` Նարեկ Կարապետյանը պատասխանեց.

«ՀՀ նախագահները` 4 առաջնորդները, եթե շարունակեն ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը` էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնենք, եթե մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի պաշտոնը ստանձնի»,– հայտարարեց Կարապետյանը։

Sputnik Արմենիա