Հայաստանի և Իրանի սահմանի Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում այս պահին 180-200 բեռնատար է սպասում սահմանը հատելու հնարավորությանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
ՊԵԿ-ի պատասխանը, հարց ու պատասխանի ձևաչափով, ներկայացնում ենք ստորև․
– Ճի՞շտ են տարածվող այն տեղեկությունները, որ Հայաստան-Իրան սահմանի անցակետը իրանական կողմից փակ է քաղաքացիների, սակայն բաց է բեռնատարների տեղաշարժի համար։ Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։
– Ըստ մեզ փոխանցված տեղեկատվության՝ իրանական կողմում պարբերաբար լինում են կապի խափանումներ, ինչի պատճառով էլ պարբերաբար կարող են առաջանալ հերթեր։ Սակայն, կապի բացակայության պարագայում աշխատում են նաև թղթային տարբերակով, որն ավելի ժամանակատար է։ Կուտակումներ չառաջացնելու համար քաղաքացիների համար կարող են լինել որոշակի սահմանափակումներ՝ բեռնատարների բնականոն տեղաշարժն ապահովելու համար։
Ագարակ անցակետից դուրս՝ հայկական կողմում, հերթեր կան. այս պահի դրությամբ հերթում սպասում է 180-200 բեռնատար։
– Խնդրում եմ մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումների վերաբերյալ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Այս օրերին նկատվո՞ւմ է բեռնափոխադրման ծավալների կրճատում։
– Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բեռնափոխադրողները չեն ցանկանում ԻԻՀ տարածքն օգտագործել որպես տարանցիկ երկիր՝ նախընտրելով Չինաստանից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ներկրվող բեռների փոխադրումն իրականացնել Վրաստանի տարածքով։ Ուստի, ենթադրելի ու բնական է, որ բեռնափոխադրումների ծավալը Իրանի տարածքով պետք է նվազի։ Վերջին օրերին նկատվում է բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում, որը շատ արտահայտիչ չէ։
