Логотип

ԻՀՊԿ․ Իրանում դպրոցի վրա հարձակումն իրականացվել է ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ ռազմակայանից

Իրանի հարավում գտնվող դպրոցի վրա հարձակումը, որի ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազայից: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը:

Փետրվարի 28-ին այդ ռազմակայանից հարված էր հասցվել բալիստիկ հրթիռներով։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դպրոցին հարվածել են երկու հրթիռով, և հարվածը եղել է կանխամտածված:

Այսօր իրանական ուժերը կրկին հարձակվել են «Ալ-Դաֆրա» ավիաբազայի վրա: Իրանի կողմից արձակված և նախապես իրանական ԶԼՄ-ներով ցուցադրված հրթիռներից մեկի վրա գրված է. «Ի հիշատակ Մինաբի դպրոցի աշակերտուհիների»:

«Թիրախը դարձել է ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Դաֆրա» ավիաբազան, որն օգտագործվում է տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից: «Շաջարե Թայեբե» դպրոցի վրա հանցավոր հարձակումը, որի հետևանքով զոհվել է 165 աշակերտուհի, իրականացվել է հենց այդ բազայից»,-ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ իրանական իշխանությունները զոհերի թվի վերաբերյալ այլ տվյալներ էին հայտնել: Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտնել էր 171 զոհի մասին:

Sputnik Արմենիա