Логотип

Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ԿՀՎ-ն փորձում է իրեն Իրանի օտարերկրյա գործակալ ներկայացնել

Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կարդացել է Իրանի դեմ պատերազմին նախորդած իր հաղորդագրությունները՝ փորձելով իրեն ներկայացնել որպես օտարերկրյա գործակալ։

Շաբաթ երեկոյան հրապարակված տեսանյութում 56-ամյա Կարլսոնն ասել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է իրեն մեղադրանք ներկայացնել Իրանի՝ չգրանցված օտարերկրյա գործակալ լինելու համար՝ հիմնվելով ԿՀՎ-ի հանձնարարականի վրա։

«ԿՀՎ-ն իմ դեմ յուրօրինակ քրեական գործ է նախապատրաստում՝ ենթադրյալ հանցագործության հիման վրա արդարադատության նախարարությանը ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում»,- ասել է լրագրողը տեսանյութում։

«Ի՞նչ հանցագործություն է դա։ Դե, ես պատերազմից առաջ խոսել եմ Իրանում գտնվող մարդկանց հետ։ Նրանք [ԿՀՎ-ն] կարդացել են իմ հաղորդագրությունները»,- հավելել է նա։

Կարլսոնը նաև պնդել է, որ իրեն մեղադրանք կառաջադրվի Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով (1938), որը պահանջում է, որ ցանկացած ոք, ում օտարերկրյա կառավարությունները վճարում են լոբբինգի կամ քաղաքական քարոզչության համար, գրանցվի արդարադատության նախարարությունում։

Միևնույն ժամանակ լրագրողը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները։

«Ես օտարերկրյա տերության գործակալ չեմ։ Ի տարբերություն ԱՄՆ քաղաքականության և համաշխարհային գործերի մասին մեկնաբանող շատերի՝ ես հավատարիմ եմ միայն Միացյալ Նահանգներին և երբեք չեմ գործել դրա դեմ»,- ասել է նա՝ հավելելով, որ «երբեք գումար չի վերցրել» որևէ այլ երկրից։

«Իմ աշխատանքը բոլորի հետ մշտապես խոսելն ու աշխարհում տեղի ունեցողը պարզելն է։ Ես ամերիկացի եմ։ Կարող եմ խոսել ցանկացածի հետ»,- հավելել է նա։

News.am