Բեռլինն արձագանքել է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությանը սատարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ հայտարարելով, որ «այս պատերազմը որևէ առնչություն չունի ՆԱՏՕ-ի հետ։ Սա ՆԱՏՕ-ի պատերազմը չէ»։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայացուցչի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը քողարկված սպառնալիք էր հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին՝ հայտարարելով, որ դաշինքը կարող է «շատ վատ ապագայի» բախվել։
Գերմանիայի կառավարությունը նաև կրկին ընդգծել է, որ չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ գործողության։ «Մասնակցությունը չի դիտարկվել մինչև այս պատերազմը և չի դիտարկվում նաև հիմա»,— հավելել է կառավարության ներկայացուցիչը։
Այսօր առավոտյան, ժամանելով Բրյուսել, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոհան Վադեփուլը լրագրողներին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի երկրների համար որևէ դերակատարում չի տեսնում։
Մերցը վերջին օրերին խստացնում է իր դիրքորոշումը Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, որը դադարեցման նշաններ ցույց չի տալիս։ Անցյալ շաբաթ նա քննադատել է ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման համար և բացահայտ հայտարարել, որ չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ պլաններ ունի պատերազմի ավարտի համար։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «մինչ պատերազմը թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը հստակ հասկացրել էին, որ եվրոպական օգնությունն անհրաժեշտ չէ և ցանկալի չէ»։
News.am
