Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ավելի վաղ Կալլասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։
«Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի. ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», – ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Հավելենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է խորհրդարանի կողմից 2025 թվականի ապրիլին ընդունված օրենքը երկրի՝ ԵՄ-ին միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունն ինքը անդամակցություն չէր առաջարկել ՀՀ-ին։ Ինչպես հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու պայմաններում. ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։
Ավելին, Կալլասի խոստումը՝ օգնել Հայաստանին պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, նման Մոլդովայում տեղի ունեցածին, Լավրովը որակել է որպես «խոստովանություն»։ Նախարարի խոսքով՝ սա վկայում է Արևմուտքի ծրագրերի մասին՝ միջամտելու Հայաստանի գործերին, ինչպես Մոլդովայի դեպքում էր։
Sputnik Արմենիա
