Логотип

Իշխանության սեղանին «մեգանախարարության» նախագիծ է. գլխավոր «շահառուն» Արսեն Թորոսյանն է

ՀՀ իշխանությունների սեղանին նոր «մեգանախարարության» նախագիծ է դրված, որի հեղինակը ՀՀ առողջապանության նախարար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Համաձայն նախագծի՝ պետք է միավորվեն ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։ Իշխանության ներսում այս հարցն ակտիվ քննարկվում է, աշխատանքներն արդեն բավական առաջ են գնացել և մտնում են վերջնական փուլ։ Արսեն Թորոսյանն ակտիվ աշխատում է այս հարցի շուրջ, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը»,- գրում է թերթը։

Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։ Նշվում է, որ կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։

Պարբերականը գրում է, որ իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։

Թերթը նշում է, որ նման սցենարի կյանքի կոչվելու դեպքում առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին այլ պաշտոն կառաջարկվի, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, բախվեց COVID-19 համավարակին։

Sputnik Արմենիա