Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը Հայաստանում գնաճի վրա կարող է թողնել 1.2–1.7 %–ի ազդեցություն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այդ գնաճի ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային որոշ ապրանքների որոշակի փոխարինումը; Այն, ինչ ասում եմ, սա ռիսկերի տիրույթում է, ու մենք չենք ասում, թե այդ ամենն անպայման տեղի է ունենալու»,– նշեց նա։
Գալստյանի բնորոշմամբ` այս հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի գնաճի ավելացման ներուժային պոտենցիալ, ինչը Հայաստանի համար բավականին անցանկալի երևույթ կարող է լինել։
«Եթե համաշխարհային տնտեսության մեջ նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն կազդի Հայաստանի ներսում տնտեսական աճի և զարգացումների վրա։ Այդ իսկ պատճառով Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտությանը մենք մեր քննարկումների ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձրել»,– հայտարարեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե արտաքին պահանջարկը նվազի, դա ազդելու է ՀՀ տնտեսական արդյունքների վրա, որն իր հետ կարող է բերել նաև հոգեբանական խնդիրներ։
«Օրինակ` մարդիկ, որ տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով մեր երկրի շուրջ վատ զարգացումները` հնարավոր է` էլ չգան»,– նշեց Գալստյանը։
Միաժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ԿԲ նախագահը չբացառեց, որ այս հակամարտության արդյունքում տուրիստական հոսքերը և անշարժ գույքի շուկայում ներդրումները Ծոցի երկրներից կարող են ուղղվել Հայաստան։
«Մենք քննարկել ենք այդ սցենարը. ինչպես ռուս–ուկրաինական հակամարտության դեպքում, այնպես էլ այս պարագայում էլ նշված երկու ուղղություններով էլ կարող են լինել հնարավոր դրական պահանջարկի որոշակի էպիզոդներ»,– նշեց Գալստյանը։
Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից մյուս խնդիրը, որ մենք կարող ենք ունենալ, դա, նրա խոսքով` հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորությունների, ինչպես նաև լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումներն են։
Բացի այդ, Գալստյանի դիտարկմամբ` կա մեկ այլ խնդիր ևս, որը պայմանավորված է գնաճի վրա նավթի գների ավելացման ազդեցությամբ։
«Նավթը կամ էներգակիրները որոշակի չափաբաժիններով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը արդեն առաջարկի տեսանկյունից կարող է թանկացնել մեր ապրանքները»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Նա հիշեցրեց, որ Իրանի ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 28–ի, որի ազդեցությունը Հայաստանի գնաճի վրա կարտացոլվի արդեն մարտի ցուցանիշների մեջ։ Ի դեպ, փետրվարին 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7 %։
Ի դեպ, ապրիլի 1–ից կենսաթոշակների բարձրացումը մինչև 2026 թվականի տարեվերջ կբերի 0.1–0.2 տոկոս գնաճի։
