«Ես կարծում եմ՝ պետք է մեր պայքարը մղենք։ Այն անձինք, որոնք ստացել են Հայաստանի քաղաքացիություն (թեկուզ մենք միշտ էլ եղել ենք ՀՀ քաղաքացի) անպայման պետք է մասնակցեն ընտրություններին։ Չեմ կարծում, որ գիտակից մարդիկ կարող են գնալ և քվեարկել Նիկոլ Փաշինյանի և նրան հարող ուժերի օգտին», – ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ԷՐ ՄՏԵԼ՝ տեղեկացնելու փախստականներին օգնելու նպատակով 2025 թվականի նոյեմբերին ստեղծված «Արցախն իմ սրտում» հիմնադրամի գործունեության, «Արցախբանկ»-ի հետ կապված և մի շարք այլ խնդիրների մասին: Նրա խոսքերով, անցած ամսվա ընթացքում հիմնադրամին փոխանցվել է 4 միլիոն դրամ, որից 3 միլիոնը փոխանցել է Իվան Ավանեսյանը, 1 միլիոնը՝ իր անունը հանրայնացնել չցանկացած անձը:
Այդ գումարի հաշվին օգնություն է տրամադրվել 50 ընտանիքների, որոնց մեջ կան զոհվածների ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև՝ օնկոլոգիական հիվանդություններից բուժում ստացող արցախցիների։ Սակայն Իսկանդարյանի տեսաուղերձի հիմնական մասը նվիրված էր «Արցախբանկ»-ի հետ կապված խնդիրներին:
«ԳԱ»- ն ժամանակին մանրամասն անդրադարձել է այդ թեմային: Հակիրճ հիշեցնենք դրա էությունը։
Ս.թ. փետրվարին պարզվեց, որ նշյալ բանկում Արցախի Հանրապետության պետական հաշիվները սառեցվել են ՀՀ կառավարության կողմից 2023թ. սեպտեմբերի 19-20-ին: Այդ իսկ պատճառով անհնար է փոխհատուցել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձերը, վերջնահաշվարկներն ու արձակման նպաստները: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ խնդիրը բազմիցս բարձրացվել է ՀՀ կառավարության առջև, սակայն ապարդյուն:
Փետրվարի 18-ին Նժդեհ Իսկանդարյանը տեսաուղերձ էր հղել բանկի գործադիր տնօրեն Արտակ Բալայանին, որում հայտարարում էր. «Արցախբանկ»-ի բաժնետոմերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականի շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպումը տեղի կունենա, բայց քանի ամիս է դրական դինամիկա չկա»։
Եվ ահա, երկու ամիս անց «Արցախբանկ»-ի ղեկավարության հետ հանդիպումը վերջապես կայացավ։
«Եկել ենք այն մտքին, որ պետք է ստեղծվի հանձնախումբ՝ և՛ մեր, և՛ իրենց կողմից։ Առաջիկայում կքննարկենք բոլոր խնդիրները և կփորձենք լուծումներ գտնել։ Իրենց կողմից հանձնախումբը պետք է գլխավորեր Բալայան Արտակը, մեր կողմից՝ ես: Սակայն հետո իրենց կողմից հնչել է հետևյալ նախապայմանը, որ եթե այդ հանդիպմանը ներկա եմ լինելու ես, ապա Բալայանը չի հանդիպելու: Քանի որ նժարին մեր հայրենակիցների շահն էր, բնականաբար, ես համաձայնել եմ։ Այնուամենայնիվ հանդիպումը տեղի է ունեցել, բայց Բալայան Արտակը չի գլխավորել պատվիրակությունը»,- տեղեկացրեց Նժդեհ Իսկանդարյանը։
ՆՐԱ ԽՈՍՔԵՐՈՎ՝ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ, այդ թվում՝ ներդրումային հիմնադրամի, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց անունով «Արցախբանկ»-ում դրված ավանդների հետ կապված: Արցախի կառավարության որոշմամբ՝ նշյալ ավանդները պետք է փոխանցվեն այդ ընտանիքներին, քանի որ նման ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել։ Սակայն մինչ օրս այդ գումարները չեն փոխանցվել։
Իսկանդարյանը նաև դիմել է բանկին՝ խնդրելով օգնել Շուշիի տեխնոլոգիական քոլեջի 16 ուսանողների ուսման վարձի հարցում, որոնցից 11-ը զոհվածների երեխաներ են: Պատասխանը եղել է հետևյալը. «Այս փուլում մենք չենք կարող փոխանցել, պետք է սպասենք՝ հունիսի 7-ից հետո»: Մինչդեռ, ինչպես ընդգծեց պետնախարարը, այդ գումարները պետք է վճարվեն մինչև մայիսի 10-ը։
Եզրափակելով՝ Նժդեհ Իսկանդարյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: «Եթե օրվա իշխանությունները վերարտադրվեն, բնականաբար՝ ամբողջությամբ փակվելու է Արցախի հարցը։ Եթե նրանք մի փոքր խելք ունենային, ապա, վստահեցնում եմ ձեզ, որպես հակակշիռ ադրբեջանցիների այն գաղափարի, որ փորձում են առաջ քաշել «արևմտյան Ադրբեջան» և «300 000 ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն Հայաստանում» թեզը, օրվա իշխանությունները կարող էին խոսել արցախցիների վերադարձի մասին։
Թեև վերջին օրերին համացանցում քիչ չեն դեպքերը, որ որոշ արցախցիներ աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Սա ցավալի երևույթ է… Նրանց շարքերում հանդիպում են անձինք. գոծարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ այստեղ արդեն։ …Չեմ հասկանում այն բոլոր մարդկանց, ովքեր հիմնավորում են, որ բիզնեսներ ունեն կամ բարձր աշխատավարձով տեղավորվել են ինչ-որ տեղ։ Վստահեցնում եմ ձեզ, որ հունիսի 7-ից հետո այն մարդիկ, ովքեր ժամանակին Արցախում թաթախված են եղել թալանի մեջ և այսօր էլ մատը մատին չեն տվել՝ թեթևացնելու մեր հայրենակիցների հոգսերը, հերթով, կարգով-շարքով պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծեց նա։ Եվ տեղեկացրեց, որ մայիսի 22-ին տեղի է ունենալու դատական նիստ, որի միջոցով իշխանությունները փորձելու են խլել Արցախի ներկայացուցչության շենքը։
Մեր կողմից նշենք հետևյալը. Գովելի է, իհարկե, որ Արցախի իշխանությունների հաստատակամության շնորհիվ և հասարակական կարծիքի ճնշման տակ «Արցախբանկ»-ի ղեկավարությունը որոշեց այնուամենայնիվ գնալ շփումների և խնդիրների քննարկման։ Եկեք առաջ չընկնենք՝ վեհերոտ հույս փայփայելով, որ դրանք կլուծվեն: Այդուհանդերձ չի կարելի չնշել, որ բանկի ղեկավարության և դրա գործադիր տնօրենի պահվածքը մեկ անգամ ևս հաստատում է ակնհայտը. նրանց գործողությունները, մասնավորապես՝ ներդրումային հիմնադրամի պարագայում, թելադրվում են փաշինյանական ռեժիմի կողմից։
ՆՈՒՅՆՔԱՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԱՅԴ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ։ Նախ՝ խնդրի քաղաքական կողմը, որն ամբողջությամբ տեղավորվում է Արցախի հարցը փակելու թուրքական պահանջների բավարարման հանցավոր ուղեգծում, ներառելով բառացիորեն ամեն ինչ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական միջոցները։ Միջոցներ, որոնք տնօրինելու իրավունք ունեն միայն Արցախի իշխանությունները և որոնք պատկանում են հայկական երկրորդ հանրապետության ժողովրդին ու պետք է ծախսվեն համապատասխանաբար:
Երկրորդ գործոնը, իհարկե, զուտ ֆինանսական է։ Նիկոլը ոչ միայն վրեժ է լուծում ամեն ինչ կորցրած փախստականներից, ըմբոշխնելով նրանց աղետալի վիճակը, ոչ միայն փորձում է նսեմացնել Արցախի իշխանություններին՝ ճնշում գործադրելով բանկի ղեկավարության վրա։ Նա նաև ամենևին էլ դեմ չէ թաթը դնել այն միջոցների վրա, որոնց հետ ինքը ոչ մի կապ չունի, այն գումարների վրա, որոնք կարող են օգնել կարիքավոր մարդկանց և լուծել ծանր դրության մեջ հայտնված առանձնակի խոցելի ընտանիքների հրատապ խնդիրները։
«Արցախբանկ»-ի ներկայացուցիչների պատճառաբանությունը, թե իբր՝ շուշեցի երեխաների ուսման վարձի հարցը կլուծվի հունիսի 7-ից հետո, առավել քան համոզիչ ապացույցն է այն բանի, որ ներդրումային հիմնադրամի շուրջ տեղի ունեցող ամենն անմիջական արդյունքն է հանցավոր ռեժիմի միջամտության, որը ուրացել ու վաճառել է Արցախը, իսկ այժմ փաստացի թույլ չի տալիս հանրապետության կառավարությանը տնօրինել իր օրինական միջոցներին:
