Եվրոպական միության և Ուկրաինայի միջև լարվածությունն աճում է միավորմանն անդամակցելու գործընթացն արագացնելու Կիևի պահանջների ֆոնին։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Ըստ FT-ի՝ Եվրոպական միության և Ուկրաինայի ղեկավարությունների հարաբերությունները նկատելիորեն սառել են եվրաինտեգրումն արագացնելու Կիևի համառ պահանջների պատճառով։ Կիպրոսում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ ուկրաինական պատվիրակությանը, ըստ աղբյուրի, հասկացրել են, որ անդամակցության գործընթացը չի կարող արագացվել քաղաքական ճանապարհով։
Ուկրաինացի ներկայացուցիչները, ինչպես նշում է պարբերականը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում պնդում են անդամակցության արագ հաստատումը և քննադատում ընդլայնման քաղաքականությունը։ Սակայն Բրյուսելում ընդգծում են, որ անդամակցությունը հնարավոր է միայն չափանիշները կատարելու դեպքում։
«Անդամակցությունը նվեր չէ։ Հնարավոր է՝ Կիևում այս առումով ինչ-որ թյուրիմացություն է առաջացել»,- մեջբերում է FT-ն պաշտոնյաներից մեկի խոսքը։
Պարբերականի մեկ այլ զրուցակից հայտնել է, որ ուկրաինական կողմը հաճախ է օգտագործում «դուք մեզ պարտական եք» ձևակերպումը։ Միևնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետները կարծում են, որ նույնիսկ գործընթացն արագացնելու դեպքում Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել մոտ տասը տարի։
News.am
