Ռուսաստան ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպման փոփոխությունների պատճառով Հայաստանից ապրանքների առաքման հետ կապված ժամանակավոր դժվարություններ են առաջացել։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնել են Ozon-ի մամուլի ծառայությունից։
«Որպեսզի գնորդները երկարատև առաքման պատճառով չչեղարկեն պատվերները, մենք որոշ ժամանակով թաքցրել ենք այդ ապրանքների քարտերը ՌԴ-ում գտնվող գնորդների համար։ Միաժամանակ, Ozon-ի ռուսաստանյան պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները վաճառվում են առանց սահմանափակումների։ Նույն կերպ՝ ամբողջ ծավալով շարունակվում են վաճառքները Հայաստանի ներսում. գնորդները տեսնում են տեղական վաճառողների բոլոր ապրանքները և կարող են դրանք պատվիրել սովորականի պես։
Մենք արդեն աշխատում ենք լոգիստիկ շղթաների վերականգնման ուղղությամբ և մոտ ժամանակներս նախատեսում ենք վերադարձնել ժամանակավորապես անհասանելի դարձած ապրանքները»,– հայտնել են ընկերությունից։
