Հայաստանը փաստացի լքել է Ադրբեջանում պահվող իր քաղաքացիներին՝ նրանց թողնելով առանց հյուպատոսական պաշտպանության և միջազգային անկախ վերահսկողության։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները / Voices of Armenia» համաժողովի ժամանակ հայտարարել է ՄԻԷԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ Սահակյանի, պահվող անձանց մի մասը գերության մեջ է դեռ 2020 թվականից, սակայն նույն տարվա նոյեմբերյան հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները այդպես էլ չեն կատարվել։ 2023 թվականից հետո ձերբակալվածները շարունակում են մնալ կալանքի տակ նույնիսկ ստորագրված խաղաղության փաստաթղթերի ֆոնին։ Գերիների ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրի հարցերը դեռ լուծված չեն։
Իրավապաշտպանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապրիլին հաստատել է՝ Բաքվում գտնվող բոլոր հայերի կյանքին և անվտանգությանը սպառնացող վտանգներն իրական են ու մշտական։ Դատարանը հաշվետվություն ներկայացնելու նոր ժամկետ է սահմանել՝ 2026 թվականի օգոստոսը, և Ադրբեջանից ուղղակիորեն պահանջել է տրամադրել կայացված բոլոր դատավճիռների տեքստերը, ինչը հնարավորություն կտա դրանք արդյունավետորեն բողոքարկել միջազգային մակարդակով։
Սահակյանն ընդգծել է գերիների պահման խիստ ծանր պայմանները։ Կարմիր խաչը դադարեցրել է կանոնավոր այցերը դեռ 2025 թվականին. միակ այցը տեղի է ունեցել նույն տարվա դեկտեմբերին՝ սուրբծննդյան օրերին, և եղել է եզակի բնույթի։ Անկախ փաստաբանները մինչև օրս հնարավորություն չունեն տեսակցել իրենց պաշտպանյալներին՝ ո՛չ անձամբ, ո՛չ հեռավար։ Ընտանիքները զրկված են տեսակցության իրավունքից։
Միևնույն ժամանակ, ըստ փաստաբանի, գերիների հարազատները պատրաստ են մեկնել Բաքու՝ չնայած բոլոր ռիսկերին։ Սակայն առանց պետական աջակցության՝ վիզաների ձևակերպման և սահմանահատման ապահովման, դա ֆիզիկապես անհնար է։ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիան և մի շարք սկանդինավյան երկրներ արդեն պաշտոնապես հաստատել են հյուպատոսական այցերի ժամանակ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամությունը՝ պայմանով, որ Հայաստանն օգտվի իր ինքնիշխան իրավունքից։
Ելույթի առանցքային թեզն այն է, որ Հայաստանը խուսափում է սեփական քաղաքացիներին այցելելու հյուպատոսական իրավունքի իրացումից՝ չառաջարկելով որևէ հստակ հիմնավորում։ Սահակյանը բերել է կոնկրետ օրինակ՝ Լյուդվիգ Մկրտչյանը, որը բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և երբևէ չի ունեցել Արցախի քաղաքացիություն, մինչև օրս մնում է Ադրբեջանում՝ առանց Երևանի կողմից որևէ հյուպատոսական աջակցության։ Պետության անգործությունը գերիների կարգավիճակի իրավական անորոշությամբ արդարացնելու փորձերը փաստաբանն անվանել է մանիպուլյատիվ։
Վերջում Սահակյանը հայտնել է, որ գերիների ընտանիքները, չնայած ամեն ինչին, մտադիր են շարունակել իրավական պայքարը և պատրաստ են անձամբ ստանձնել ադրբեջանական շինծու դատավճիռների միջազգային բողոքարկման պատասխանատվությունը։
