Логотип

ՔՈՉԱՐՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՀՀ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԻՇՏ ԿԿԱՊԻ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան միշտ շաղկապելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի հետ։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը փոքր-ինչ չափազանցված է։ Նրանց կապն ավելի շուտ օրգանական բնույթ է կրում, և այդ կապը Թուրքիայի համար ավելի կարևոր է, քան Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացման ազդեցությունը։

Անկարայի համար թյուրքական և իսլամական աշխարհներում ազդեցության ընդլայնմանն ուղղված քաղաքականության կարևորությունն անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանի հետ հարաբերությունները։ Հայաստանը նրանց համար փոքր խոչընդոտ է իրենց քաղաքականության իրականացման ճանապարհին։ Նրանց համար ցանկալի է վերացնել այդ խոչընդոտը կամ գոնե շրջանցել այն, եթե Հայաստանի իշխանությունները չեն տեսնում Թուրքիայի քաղաքականության մասշտաբը կամ փորձում են տեղավորվել այդ քաղաքականության մեջ։

Իմ նախագահության տարիներին մեր քաղաքականությունն այն էր, որ թույլ չտանք Թուրքիայի և Ադրբեջանի էլ ավելի մերձեցումը, և ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ 2018-2020 թվականներին իշխանությունները կտրուկ հայտարարություններ արեցին նաև Թուրքիայի հասցեին, ինչը համախմբեց Անկարային և Բաքվին։

Իմ նախագահության տարիներին Թուրքիայի նույնիսկ ակնարկ չի եղել Արարատը որպես խորհրդանիշ հեռացնելու մասին։ Էրդողանն այդ տարիներին ինձ նամակ ուղարկեց՝ առաջարկելով Հայոց ցեղասպանության հարցը թողնել գիտնականներին։ Ես պատասխանեցի, որ մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների, իսկ սահմանների բացումը ոչ թե գիտնականների, այլ քաղաքական գործիչների հարցն է։

Հայաստանի ներկայիս իշխանությունները, հեռացնելով Արարատի պատկերը անձնագրից, ցանկանում են ցույց տալ, որ պատրաստ են նույնիսկ ավելիին, քան իրենցից պահանջվում է»,- ասել է Քոչարյանը։

News.am