Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ հայամետ բանաձևերի համար։ ԵԽ նախագահն արտահերթ ելույթ խնդրեց` շեշտելով, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացավ օնլայն և երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Նա հայտարարեց, թե Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։
«Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը և պահանջում էր անհապաղ ազատ արձակել նրանց։ Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Sputnik Արմենիա
