Логотип

Աշոտյան․ Սա Փաշինյանի հաղթանակը չէ, ՀՀ-ԵՄ ինստիտուցիոնալ կապերը դրվել են դրանից առաջ

Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կապերը Եվրոպական միության հետ դրվել են երկրի ներկայիս իշխանության ղեկավարումից առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով հավաքի ժամանակ մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Երևանում։

«Այս առումով գործող իշխանության փորձերը՝ Հայաստանում ընթացող իրադարձությունները ներկայացնել որպես արտաքին քաղաքական հաղթանակ, առնվազն իրականության խեղաթյուրում են։ Այս գագաթնաժողովը ՀՀ-ի աշխարհաքաղաքական մահվան, ՀՀ-ի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածված միջոցառում է։ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ուներ և ունի ինստիտուցիոնալ կապ, ու դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է, ու 2017 թվականի նոյեմբերին ստորագրված CEPA-ն «նիկոլական» պրոպագանդայի համար մնում է խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուռ և միաժամանակ կարևոր վկան»,- ասաց Աշոտյանը։

Նրա կարծիքով՝ համաձայնագիրը պետք է հիմք հանդիսանար Հայաստանը եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար, սակայն այդ գործընթացն արդյունք չի ունեցել։

Աշոտյանի գնահատմամբ՝ Փաշինյանի գործունեությունը 2018 թվականից ի վեր ցույց է տալիս եվրոպական բոլոր արժեքների ոչնչացումը։ Նա ընդգծել է, որ ԵՄ ոչ մի երկիր մեկ ժամ անգամ չէր հանդուրժի այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօր Հայաստանում է։

«Մեր հանրահավաքը ոչ թե Եվրոպայի դեմ է, այլ հանուն արդարության»,- շեշտեց նա:

Sputnik Արմենիա