Логотип

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը

Արցախի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայում՝ քննարկելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների՝ հատկապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը, հայտնում է Արցախի ԱԺ-ն։

Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կազմակերպվել է Արցախին նվիրված միջոցառում՝ շվեյցարացի խորհրդարանականների, փորձագետների և հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Աշոտ Դանիելյանը, պատվիրակության անդամներ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանն ու Գառնիկ Քերքոնյանը։

Դանիելյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին՝ ընդգծելով, որ տարբեր երկրների և կառույցների կողմից ընդունված բանաձևերը կարևոր աջակցություն են Արցախի ժողովրդին՝ դիմակայելու 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի իրականացրած գործողությունների հետևանքներին։

Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման խնդրին՝ այն որակելով որպես շարունակվող մշակութային ցեղասպանություն։ Նա նշել է, որ Ստեփանակերտում վերջերս ավերված եկեղեցիները դրա վառ օրինակներից են։

Ալեքսանյանն ընդգծել է, որ Արցախի հարցը, նախևառաջ, մարդու իրավունքների խնդիր է և պահանջում է հստակ ու պատասխանատու մոտեցում՝ հավելելով, որ լռությունը կարող է հանգեցնել նոր անկայունության։

Շվեյցարացի խորհրդարանականները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել խնդրի արդարացի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին Դանիելյանը հայտարարել է, որ Արցախի հարցը փակված չէ և կմնա միջազգային օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն արցախցիների վերադարձն ու իրավունքները։

Մոտ երեք ժամ տևած քննարկման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական երկխոսությունից և նշել, որ շարունակելու են համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:

2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։

Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

Armenia Today