Логотип

Ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս բողոքի ակցիա անցկացնել Հաղթանակի կամրջի մոտ

Մայիսի 4-ին Հայաստանի ոստիկանությունը թույլ չի տվել քաղաքացիներին բողոքի ակցիա իրականացնել «Արարատ» կոնյակի գործարանին հարող տարածքում։ Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել ցուցարարներին անցնել Հաղթանակի կամրջով, մինչդեռ նույն ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունն արգելված չէր։

Ակցիան գլխավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իշխանությունները միտումնավոր փակել են այն ճանապարհները, որոնցով ցուցարարները կարող էին անցնել և իրենց ակցիան այնպես իրականացնել, որ այն տեսանելի լիներ եվրոպացի առաջնորդներին։ Աշոտյանը հայտարարել է իշխանությունների ստեղծած տեղեկատվական շրջափակումը ճեղքելու անհրաժեշտության մասին։ Նա պարզաբանել է, որ ցուցարարները մտադիր էին պաստառներով կանգնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ճանապարհի մայթերին, որպեսզի ընթացող մեքենաներից տեսնեին Հայաստանում տիրող իրական իրավիճակը և երկրում քաղբանտարկյալների առկայությունը։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ, ըստ ՀՀ ՆԳՆ հայտարարության, փակ է տրանսպորտի երթևեկությունը, այլ ոչ թե հետիոտների տեղաշարժը։ Նրա խոսքով՝ ցուցարարները մտադիր են ձեռքերում պահել 200 պաստառ, որպեսզի եվրոպացի առաջնորդներն անպայման նկատեն դրանք։ Նա հավաստիացրել է, որ սա ոչ թե կուսակցական միջոցառում է, այլ եվրոպական արժեքներին դավանող քաղաքացիների բողոքի ձայնը։ Ընդդիմադիր գործիչը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը որակել է որպես հերթական քայլն ուղղված Հայաստանի աշխարհաքաղաքական կործանմանը։ Արմեն Աշոտյանը հավելել է, որ Հայաստանի կողմից Եվրամիության հետ ամուր ինստիտուցիոնալ կապերի հաստատումը տեղի է ունեցել ոչ թե ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։ Նա պարզաբանել է, որ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված CEPA համաձայնագիրը դրա գլխավոր ապացույցն է, և որ հենց այդ համաձայնագիրը պետք է Հայաստանը վերածեր եվրոպական չափանիշներին համապատասխանող երկրի։

«Այն, ինչ անում է Նիկոլը (ՀՀ վարչապետ – խմբ․) 2018 թվականից սկսած, ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում։ Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր», – ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Նրա հավաստիացմամբ՝ ակցիան հակաեվրոպական բնույթ չի կրում, այլ ընդհակառակը՝ եվրոպամետ է և կազմակերպվել է հանուն արդարության, արդարադատության, ազատության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության՝ այն ամենի, ինչի պակասը Հայաստանը զգում է Նիկոլ Փաշինյանի օրոք։ «Ոստիկանների թիվը նայե՛ք, հարգելիներս, սա ժողովրդավար պետության, ժողովրդավարական հավաքի այցեքա՞րտն է, այսինքն, մեզ խանգարում են բարձրաձայնել մեր ձայնը, խոսել ու մեր բողոքը հայտնել այն պատրվակով, որ կա ժողովրդավարական սամմիթ։ Լո՞ւրջ, այ սա է ժողովրդավարության իրական այցեքարտը, այն ոստիկանական ուժերը, որոնք առաջ են քաշվել մեր հավաքին ընդառաջ, այն ոստիկանական ուժերը, որոնք այսօր խոչընդոտում էին արցախահայերի ողմից բաց նամակի հանձնմանը ԵՄ ղեկավարներին։ Սա՞ է ժողովրդավարական Հայաստանը»,- ընդգծել է Աշոտյանը։

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ այն քաղաքներում, որտեղ անցկացվել են նմանատիպ նախորդ գագաթնաժողովները, չեն կիրառվել նման ամոթալի չափերի հասնող բռնաճնշումներ, և ոչ մի տեղ «հանուն ժողովրդավարության» այսքան չեն սահմանափակել քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Աշոտյանը լրագրողներին ցույց է տվել մի ակվարիում, որը խորհրդանշում է Մարզահամերգային համալիրում տիրող իրավիճակը, որտեղ եվրոպացի առաջնորդներին մեկուսացրել են իրական ժողովրդից և իրական խնդիրներից։

Նա հավելե; է, որ վաղը ևս քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն բողոքի ակցիաներ (մայիսի 5-ին Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը – խմբ.)։  Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

News.am