Այսօր Երևանում հաջողությամբ ավարտվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարության ժամանակ նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միությանը՝ գագաթնաժողովի կազմակերպման գործում սերտ համագործակցության և գործընկերության համար, ինչպես նաև մայրցամաքից դուրս գտնվող գործընկերներին՝ այս ձևաչափի աշխարհագրությունն ընդլայնելու համար։
Ես կցանկանայի ընդգծել Ադրբեջանի նախագահի հեռավար մասնակցության և Թուրքիայի փոխնախագահի ներկայության կարևորությունը՝ խաղաղ գործընթացի զարգացման և տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Այսօրվա քննարկումները վերահաստատեցին, որ աշխարհում աճող մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ են անկեղծ երկխոսություն և գործնական լուծումներ՝ տարածաշրջաններում խաղաղությունն ու կայունությունն ընդլայնելու համար։ Մենք կենտրոնացել ենք անվտանգության և կայունության, տրանսպորտային ենթակառուցվածքների, տարածաշրջանային համագործակցության, տնտեսական դիմակայունության, էներգետիկայի և «կանաչ» անցման հարցերի վրա։ Անշուշտ, փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի ողջ մայրցամաքում տնտեսական անվտանգության, դիմակայունության և երկարաժամկետ կայունության համար։ Փոխկապակցվածության ամրապնդումը՝ կլիմայական և էներգետիկ նպատակների առաջմղմանը զուգահեռ, ճանաչվել է որպես ընդհանուր առաջնահերթություն։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է նաև տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և բաց, ինտեգրված ու փոխկապակցված տարածաշրջանների ներուժը՝ ավելի լայն կապերի խթանման գործում»,- հավելել է նա։
«Այս համատեքստում մենք անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առաջմղման կարևորությանը։ Հարատև խաղաղությունը, հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումն օգտակար կլինեն ոչ միայն տարածաշրջանի համար, այլև կամրապնդեն կապերն ու համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից դուրս»։
News.am
