Логотип

ՀՀ-ում հարցվածների միայն 12%-ն է պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը

ՀՀ-ում հարցված քաղաքացիների 58 տոկոսը համարում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով օգոստոսի 25-30-ը 1101 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքները։

Արձագանքելով այն տեղեկություններին, որ Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունը նշել է որպես վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման, հարցվածների 25,1 տոկոսը ասել է՝ դա Ադրբեջանի կողմից հերթական քաղաքական ծուղակն է, և անկախ փոփոխությունից, Ադրբեջանը համաձայնագիր չի ստորագրելու։ 12,2 տոկոսը համաձայնել է կողմ քվեարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությանը, եթե դա բերի իրական և երկարաժամկետ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելել է, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ «տարածաշրջանային և միջազգային ազդեցություն»։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասել էր, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Իր հերթին Ադրբեջանը համառորեն պնդում է Հայաստանի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղղակի կոչեր կան:

Sputnik Արմենիա