ՆՈՐ ՏՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գրասենյակը մարդաշատ էր, իսկ ներսում տիրող մթնոլորտը չափազանց ուրախալի և տոնական։ Օրերս մշակույթի և հարակից այլ ոլորտների մասնագետները հավաքվել էին այստեղ, որպեսզի միասին տոնեն կարևոր իրադարձություն՝ ՀՃՈՒ հիմնադրամի նոր, սեփական գրասենյակի բացումը, որին բոլորն անհամբեր սպասել են 55 տարի։ Հյուրերը ոգևորությամբ շրջում էին տարածքով, ուշադիր զննում պատերին թակցված յուրաքանչյուր գիր, պաստառ, լուսանկար։ Դահլիճից անցնում էին դեպի գրադարան, որը լի էր հիմնադրամի կողմից հրատարակված գրքերով։ Բոլոր գրքերը բազմամյա ճանապարհորդությունների, տանջալից գիտական արշավաների և հետազոտությունների արդյունք են։ Ուսումնասիրությունները կատարվել են կես դարից ավելի ժամանակահատվածում ու տարբեր երկրներում, որտեղ պահպանվել է հայկական պատմական ներկայության հետք։ ՀՃՈՒՀ-ի առաջին հարկի դահլիճում կարդում ենք․ «Մեր նպատակն է գոնե թղթի վրա փրկել Հայաստանից դուրս գտնվող հայկական ճարտարապետությունը»։