Логотип

ՀՀ-ՈՒՄ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԸ 10 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ՕՐԵՆՔԸ` 10 ՏԱՐՈՎ ՀՆԱՑԵԼ. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Հայաստանում առավել մտահոգիչ է ոչ թե գաղտնալսումների ավելացող քանակը, այլ դրանք կարգավորող օրենսդրության որակը. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը։

Բանն այն է, որ ԶԼՄ–ներում հրապարակված վիճակագրության համաձայն` իրավապահ համակարգի կողմից անձնական նամակագրության գաղտնիությանը միջամտելու դեպքերը վերջին 2 տարվա ընթացքում 10 անգամ ավելացել են։

Եթե 2023 թվականին նախաքննական մարմիններն այդ հարցով դատարան 666 միջնորդություն են ներկայացրել, որոնցից բավարարվել է 361-ը, ապա 2025թ.–ին ներկայացրել են 6662 միջնորդություն, բավարարվել է 4571-ը։

Գևորգ Հայրապետյանն արձանագրում է, որ դատական ընթացակարգով անձնական տվյալների մշակումը օրենքով նախատեսված գործընթաց է` պայմանավորված այս կամ այն անհրաժեշտությամբ, օրինակ` քրեական հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տվյալների ձեռքբերմամբ։ Այլ հարց է, որ այդ տվյալների մշակման ոլորտում, նրա գնահատմամբ, կան համակարգային խնդիրներ։

«Լավ օրենսդրություններում անձնական տվյալի ամբողջ «կյանքը» նկարագրված է լինում՝ ինչպես է տվյալը «ծնվում» ստացվում, ինչպես է «ապրում», ում է հասանելի, որտեղ է պահվում, որտեղ կարող է հրապարակվել կամ չի կարող հրապարակվել, ինչքան պիտի պահվի և այլն։ Ի վերջո, ինչպես է տվյալը «մահանում» կամ ինչպես են այդ տվյալից ազատվում, ոչնչացնում»,– ասում է Հայրապետյանը` հավելելով, որ ի տարբերություն իր հիշատակած «լավ օրենսդրությունների», մեր երկրի օրենսդրությունն այս բոլոր հարցերի պատասխանները չի տալիս։

Արդյունքում տեսնում ենք իրավիճակներ, երբ դատարանների թույլտվությամբ ձեռք բերված գաղտնալսումների ձայնագրությունները կամ գրավոր հաղորդագրությունները հայտնվում են ոչ միայն նախաքննական մարմնի հրապարակած հաղորդագրություններում, այլև սոցիալական հարթակներում կամ լրատվամիջոցներում։

«Եթե մարդը գիտի, որ իր իրեն ձայնագրել են կամ իր խոսակցությունը լսել են, ունի բազային իրավունք հարցնելու և ստանալու պատասխան, թե ինչ իրավական հիմքով են դա արել։ Եթե կլինի իրավական հիմք, լավ, չի լինի իրավական հիմք, ուրեմն կա խախտում։ Հետո կարող է հարցնել՝ ինչ իրավական հիմքով են հրապարակել։ Կլինի իրավական հիմք, լավ, չի լինի, ուրեմն խախտում է»,– ասաց իրավաբանը` նման դեպքերում առաջարկելով իրենց խախտված իրավունքը վերականգնել դատարանում։

Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ խախտվում է ոչ միայն գաղնալսվողի իրավունքը, այլև երրորդ անձի, ով պատահաբար է հայտնվել գաղտնալսված դրվագում։ Օրինակ` հրապարակվել է որևէ անձի մասին տեղեկություն` խոսակցություն, որտեղ կան նաև այլ անձինք, ովքեր կապ չունեն տվյալ քրեական վարույթի հետ։

«Արդյո՞ք իրավապահ մարմինները հրապարակումից առաջ ունեն պարտականություն մոնտաժելու և հեռացնելու խոսակցության` քրեական գործին ոչ վերաբերելի հատվածները կամ այն անձանց, որոնք հայտնվել են ձայնագրության մեջ։ Եթե չկա նման պարտականություն կամ եթե դա թողել են իրավապահ մարմնի ծառայողի հմտության վրա` ինչքանով ֆայմեց–չֆայեց և այլն, ապա սա արդեն օրենսդրական պրոբլեմ է»,– ասում է Հայրապետյանը։

Մյուս խնդիրը, ըստ նրա, տեխնոլոգիական արագ զարգացման մրցավազքում անընդհատ արդիականացման կարիք ունեցող օրենսդրության չափազանց դանդաղ արդիականացումն է։

Այն իրավակարգավորումները, որոնք ընդունելի էին 10-20 տարի առաջ, այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում այլևս չեն համապատասխանում պահանջներին։

«Հիմա դարը փոխվել է, հեռախոսի գաղտնալսումը չի սահմանափակվում միայն տան հեռախոսով խոսակցություններով։ Այսօր մարդու միայն սմարտֆոնի մեջ մտնելով` կարելի է հասանելիություն ստանալ նրա ամբողջ կյանքին, անձնական տվյալներին, տարբեր հարթակների բանալիներին, գաղտնաբառերին։ Եթե ոլորտային օրենսդրությունը սրան զուգահեռ չի շարժվել առաջ, չի զարգացել, օրենսդրության ու պրակտիկայի միջև անդունդը մեծացել է, ապա մենք ունենք անձնական տվյալների պաշտպանության պրոբլեմ»,– նկատում է մասնագետը։

Գևորգ Հայրապետյանի խոսքով` ՀՀ–ում այսօր բազմաթիվ են ոլորտին վերաբերող օրենքները, որոնք 2015թ–ից ի վեր պետք է փոփոխվեին ու արդիականացվեին, բայց այդ գործընթացը չափազանց դանդաղ է առաջ շարժվում։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը բավական լավատես է 3 տարվա քննարկումներից ու բազմաթիվ լավարկումներից հետո ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի հարցում։ Դրա կիրարկումից հետո տվյալներ մշակող պետական ու մասնավոր ընկերությունները (օրինակ` բանկերը) պարտավորված կլինեն պաշտպանելու իրենց վստահված տվյալները և պատասխանատու կլինեն դրանց անվտանգությունն ապահովելու հարցում։

Նշենք, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ուժի մեջ է մտնելու 2026թ–ից և ուղեկցվելու է տարբեր ոլորտների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ։

Sputnik Արմենիա