Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարն այն գինն է, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վճարել Արևմուտքին իր իշխանության վերարտադրությանն օգնելու դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` կարծիք հայտնելով, որ եկեղեցու «բարենորոգման ծրագիրը» նախընտրական քարոզչության փուլում ևս առաջնային է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» համար։
«Այս գործող իշխանությունն ունի արտաքին հովանավորներ, և մենք տեսնում ենք, որ իրենց կոչերով խնդրում են, որ նրանք գան, մարդիկ ուղարկեն, գումարներ ուղարկեն (Եվրամիությունից կամ գուցե նաև այլ առանձին երկրներից), որ ստվերային ձևով իրենց օգնեն վերարտադրվելու համար»,–ասաց քաղաքագետը։
Ինչպես հայտնի է, ապրիլի 21-ին Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով ՔՊ–ի նախընտրական ծրագիրը, հայտարարեց, որ եկեղեցականները պետք է մտնեն հարկային դաշտ, ներկայացնեն եկամուտների հայտարարագրեր այնպես, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Ասաց նաև, որ եկեղեցին զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որը պետք է հարկվի այնպես, ինչպես մնացած բոլոր առևտրային գործունեությունները։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի կողմից մեկ տարի առաջ հանրայնացված «եկեղեցու բարենորոգման օրակարգը»` կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, Եկեղեցու նոր կանոնադրության ընդունում, կաթողիկոսի ընտրություն քայլերի հաջորդականությամբ, տեղ է գտել նաև ՔՊ–ի նախընտրական ծրագրում։ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը, ըստ ՔՊ–ի ծրագրի, ծառայում է «եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»։
«Ի՞նչ է նշանակում` եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի։ Ցանկացած քաղաքացի, նաև հոգևորական, իրավունք ունի քաղաքականության զբաղվելու` որպես անձ։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա եկեղեցին, եկեղեցու ուսմունքն ինքնին քաղաքականություն է։ Այլ բան է, եթե իրենք ասեն, որ եկեղեցին չի կարող իշխանության հարց դնել իր առաջ կամ որպես կուսակցություն հանդես գալ, և այլն։ Բայց եկեղեցին նման հավակնություններ չունի»,– նկատում է Դանիելյանը։
Ի հակադրություն Փաշինյանի այս գաղափարի` Ստեփան Դանիելյանը նույն արևմտյան երկրների օրինակն է բերում, որտեղ եկեղեցին պետության հովանավորության ու ֆինանսական աջակցության ներքո է գործում։
«Շատ երկրներում եկեղեցիները ֆինանսավորվում են պետության կողմից, կամ հարկեր կան, որոնք մուծում են քաղաքացիները` ըստ իրենց կրոնական պատկանելության, և այդ գումարները գնում է եկեղեցուն։ Այդպիսի հակատեսակ կա, օրինակ, Գերմանիայում։ Որովհետև եկեղեցիները նաև կարևորագույն ծառայություններ են մատուցում` ծնունդ, կնունք, ամուսնություն, թաղում։ Այսինքն՝ եկեղեցին պետության համար կարևորագույն ինստիտուտ է»,– ասում է քաղաքագետը։
Նա նաև շեշտում է, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ կրոնական համայնքները պայքարում են իրենց գաղափարների համար։ Օրինակ` աբորտների կամ էֆթանազիայի դեմ։ Եկեղեցին, իր ուսմունքից ելնելով, տեսակետ է հայտնում, նույնիսկ կոչ է անում իր հետևորդներին այս կամ այն առաջնորդին ընտրել։
Բայց գործող քաղաքական ուժի պայմաններում եկեղեցու հետ նման հարաբերությունների մասին Ստեփան Դանիելյանն անիմաստ է համարում խոսելը։ Փոխարենը կարծում է, որ «բարենորոգման» գաղափարախոսության հետևում բավական լուրջ վտանգներ կան, որոնք ուղիղ կապ ունեն «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ։
Դրանցից առաջինը պատմական հայրենիքի ուրացումն է, երկրորդը` որպես առաջինի հետևանք` Ցեղասպանության հետևանքով առաջացած սփյուռքից տարանջատվելը և սփյուռքահայությանը որպես այլ պետության քաղաքացիներ դիտարկելը, որոնք իրավունք չունեն կարծիք հայտնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։
Հաջորդ վտանգն արդեն Արցախի ուրացումն է ու Ադրբեջանի այն թեզի տարածումը, թե Արցախը Ադրբեջանի տարածք է, իսկ արցախցիներն իրենց վատ են պահել, «սեպարատիստներ» են եղել։ Այս գաղափարախոսության մեջ չեն տեղավորվում նաև հանուն Արցախի զոհված ազատամարտիկներն ու զինվորները։ Դրա համար էլ, ըստ Դանիելյանի, նրանց նկարները վերացնում են դպրոցների հիշատակի անկյուններից ու փողոցներից։
«Այսինքն՝ այս ամբողջ, այսպես կոչված, «իրական Հայաստանը» հակասում է եկեղեցու պատմական աշխարհայացքին, որտեղ եկեղեցին համաշխարհային կառույց է, համայն հայության ողնաշարն է, սփյուռքի հիմքն է, պատմական Հայաստանի ժառանգորդն է։ Իսկ այսօրվա իշխանությունը եկեղեցին դիտարկում է որպես իրենց աշխարհայացքային մրցակից, և ամեն ինչ անում է եկեղեցին քայքայելու, պառակտելու, վերահսկողության տակ վերցնելու համար»,– կարծում է Դանիելյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
